D վիտամինն արդյունավետ է քիմիական նյութերի ազդեցության հետեւանքով առաջացած մաշկի ցանը բուժելու համար, պարզել են Northwestern Medicine-ի գիտնականները երկակի ռանդոմիզացված հետազոտության ընթացքում։ Արդյունքները հրապարակվել են JCI Insight ամսագրում։

Գիտնականներն ուսումնասիրել են 28 առողջ մասնակիցների հյուսվածքների նմուշները. նրանց ձեռքերի մաշկը ներսի կողմից ենթարկել են ոչ մեծ քանակությամբ ազոտի իպրիտի՝ գրգռիչ հատկություն ունեցող նյութի ազդեցությանը։ Փորձարկվողների մաշկը դրա հետեւանքով պատվել է ցանով։ Դրանից հետո  կամավորների մի մասին խմելու համար տվել են D վիտամինի մեծ չափաբաժիններ, իսկ մյուսին՝ դատարկահաբ։

Վիտամին ստացած մասնակիցների մաշկի հյուսվածքներն ավելի քիչ են գրգռված եւ բորբոքված եղել, քան երկրորդ խմբում։ Հետագայում մասնագետներն ուսումնասիրել են մաշկի եւ արյան նմուշները։ Պարզվել է, որ վիտամին ստացողների խմբում փակվել են IL-17 բորբոքային ազդանշանային ուղիները։ Դա հաստատում է, որ IL-17-ը կարելի է օգտագործել որպես բիոմարկեր տեղային քիմիաթերապիայի եւ այլ դեղամիջոցների ծանր ռեակցիաների դեպքում։

Աշխատանքի արդյունքները համընկնում են նախորդ հետազոտությունների եզրակացություններին։ Հետագայում նախատեսվում է շարունակել D վիտամինի ավելացմամբ հակաբորբոքային պոտենցիալի ուսումնասիրությունն այն ցաների բուժման ժամանակ, որոնք առաջացել են այլ բուժման այլ միջոցներից եւ դեղերից։