Կերակրափողի քաղցկեղի առաջին նախազգուշացնող նշան կարող է լինել դիսֆագիան կամ կուլ տալու հետ կապված դժվարությունները, պնդում են Մոֆֆիտի օնկոլոգիական կենտրոնի (Moffitt Cancer Centre) մասնագետները։
Դիսֆագիայի ժամանակ առաջանում է զգացողություն՝ կարծես սնունդը կանգ է առել կոկորդում։
Ընդ որում որոշ մարդիկ զգում են, որ չեն կարողանում որոշակի սնունդ կամ ըմպելիքներ կուլ տալ, իսկ մյուսները ոչինչ չեն կարողանում կուլ տալ։
Կենտրոնի փորձագետներն այս վիճակը բնութագրում են այսպես․«Դիսֆագիա, որը սկզբում բավականին թույլ է զգացվում, ուժեղանում է ուռուցքի մեծացմանը զուգընթաց, որի պատճառով կերակրափողը նեղանում է։ Սա խանգարում է սննդին շարժվել կերակրափողով եւ կարող է նույնիսկ խեղդվելու նոպա առաջացնել կամ որեւէ բան կուլ տալու անկարողություն»։
Հնարավոր է, ինչ-որ պահի մարդը հասկանա, որ փոխել է իր սննդային սովորությունները, օրինակ սկսել է փոքր-փոքր կտորներով ուտել, ավելի փափուկ սնունդ ընտրել կամ ընդհանրապես խուսափել պինդ սննդից։
Ժամանակի ընթացքում կուլ տալու հետ կապված դժվարությունները կարող են առողջական այլ խնդիրների հանգեցնել, ինչպիսիք են քաշի կորուստը եւ ստորին շնչուղիների հաճախակի ինֆեկցիաները։
Թեեւ դիսֆագիան կարող է լինել կերակրափողի քաղցկեղի նշան, սակայն այն ավելի հաճախ շատ ավելի քիչ վտանգավոր վիճակի ախտանիշ է, ինչպիսին է այրոցը:
Նաեւ Մոֆֆիտի կենտրոնի ուռուցքաբանները խորհուրդ են տվել չանտեսել անհարմարությունը, որն առաջանում է յուղոտ սնունդ կամ ալկոհոլ օգտագործելուց հետո, ինչը կարող է վկայել ենթաստամոքսային գեղձի պաթոլոգիայի մասին։
«Ենթաստամոքսային գեղձի ուռուցքի առաջացման դեպքում շատ հիվանդներ բողոքում են ցավից, որն ուժեղանում է գիշերը մեջքին պառկած դիրքում, ինչպես նաեւ չափազանց յուղոտ սնունդ եւ ալկոհոլ օգտագործելուց հետո»,- զգուշացրել են բժիշկները։






