Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը պատրաստ է մանկաբուժության վերաբերյալ բոլոր ուղղություններով տարվող վերապատրաստման դասընթացները անվճար հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության մասնագետների համար։ Այս մասին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի տնօրեն Թոմաս Լին, ով Երեւանում է գտնվում ակնաբուժական միջազգային 13-րդ համագումարի աշխատանքներին մասնակցելու նպատակով։
Ինչպես NEWS.am Medicine-ին հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից, ճանաչված ակնաբույժը փոխնախարարին ներկայացրել է, որ իրենց հիվանդանոցում մասնագետների տարբեր վերապատրաստումներ են իրականացվում։ Նեոնատալ բուժքույրերի վերապատրաստման չորս դասընթացներ թարգմանվել են հայերեն եւ տեղադրվել Հայկական ակնաբուժության նախագծի կայքում։ Բուժքույրերը կարող են առցանց անվճար օգտվել այդ դասընթացներից։
«Մենք կարող ենք մանկաբուժության վերաբերյալ բոլոր ուղղություններով տարվող վերապատրաստման դասընթացները նկարահանել եւ, ձեր նախարարության հետ համագործակցելով` դրանք անվճար հասանելի դարձնել Հայաստանի Հանրապետության մասնագետների համար»,-ասել է Թոմաս Լին։ Նա նշել է, որ տպավորված է հայ մասնագետների պատրաստվածությունից։ «Նրանք իրենց գիտելիքներով չեն զիջում ամերիկյան եւ եվրոպական բժիշկներին», – ասել է Լին։
Վահան Պողոսյանը նշել է, որ Հայկական ակնաբուժության նախագիծը եւ դրա շրջանակում Մանկական կուրության կանխարգելման գերազանցության եզակի կենտրոնի ստեղծումը պետության, միջազգային կառույցների, սփյուռքի եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունք է։ Նա շնորհակալություն է հայտնել ամերիկացի մասնագետին կրթական ոլորտում համագործակցության առաջարկի համար։
«Նորածինների առողջության պահպանումը մեր երկրում պետության հոգացության ներքո է, եւ մենք ձգտում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նրանք պետության կողմից երաշխավորված բարձր որակի բժշկական ծառայություններ ստանան»,-ասել է փոխնախարարը։
Այնուհետեւ քննարկվել է Առողջության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» ռազմավարական ծրագրից բխող Կուրության կանխարգելման ազգային նոր ռազմավարության մշակման անհրաժեշտության հարցը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ուղղությամբ համատեղ աշխատանքներ տանել։






