Ճապոնիայում գործող Օկայամայի համալսարանին կից բժշկական կենտրոնում 2-ամյա երեխա է թոքի փոխպատվաստման ենթարկվել: Երկրում ոչ սեփական շնչառական օրգանը կրող ամենաերիտասարդ հիվանդի դոնորը նրա մայրն է դարձել:
Բուժհաստատության ներկայացուցիչների հավաստմամբ, սա առաջին դեպքն է, երբ երեխային չափահաս մարդու թոքի փոքրիկ՝ շնչառական օրգանի գործառույթ իրականացնելու ունակ կտոր է փոխպատվաստվում:
Պետական ֆինանսավորմամբ գործող կրթօջախի շնչառական վիրաբուժության բաժնի պատասխանատու Տակահիրո Օտոյի հաղորդմամբ, 2 տարեկան եւ 9 ամսական երեխայի վիրահատությունը օգոստոսի 31-ին է տեղի ունեցել: 13 օր անց բժիշկներն անջատել են արհեստական շնչառական սարքը, եւ փոքրիկը սկսել է ինքնուրույն շնչել, հաղորդում է Mainichi գործակալությունը:
Երկրի մայրաքաղաք Տոկիոյից հյուսիս՝ Սայտամա նահանգում բնակվող երեխայի մոտ ընթացիկ տարվա ապրիլ ամսվա վերջին օրերին ինքնածին ինտերստիցիալ թոքաբորբ եւ թոքերի աշխատանքի կանգ էր ախտորոշվել: Մայիս ամսին նրան Սայտամայի մանկական բժշկական կենտրոն էին տեղափոխել:
Բժշկական հետազոտությունների արդյունքում պարզվել էր, որ երեխան միայն մորից կարող է թոք ստանալ: Օգոստոսի կեսերին նրա առողջական վիճակի կտրուկ վատթարացում էր նկատվել, ինչի արդյունքում, օրեր անց, փոքրիկին ռազմական ինքնաթիռով Օկայամայի համալսարանական հիվանդանոց էին տեղափոխել:






