Բժիշկ–ուռուցքաբան Լեւոն Բադալյանն այսօր իրականացրել է իր առաջին մասնագիտական խորհրդատվությունը Արհեստական բանականության (Artificial Intelligence) օգնությամբ, ինչի մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, նշելով՝ «տպավորություններս որքան ոգևորիչ էին, նույնքան էլ վախեցնող»։ Գրառմանը նա կցել է նկար, որը «նկարել է» AI-ի միջոցով՝ վայրկյանների ընթացքում։
«Ինձ դիմել էր մի շատ հազվադեպ օնկոլոգիական հիվանդությամբ պացիենտ։ Սովորաբար նման դեպքերում ես ուսումնասիրում եմ համապատասխան մասնագիտական ուղեցույցները և այլ աղբյուրները, վերլուծություն կատարում և արդյունքում մշակում տվյալ հիվանդի բուժման լավագույն մարտավարությունը։ Տարիների փորձը և գիտելիքներիս զգալի պաշարը թույլ են տալիս այդ աշխատանքը կատարել 15-20 րոպեների ընթացքում։ ChatGPT կոչվող հեղաշրջումային չատ-բոտին պահանջվեց ընդամենը մի քանի վայրկյան այդ ամենը անելու համար! Իմ կողմից տրված մի շարք հարցադրումներին նա անմիջապես տվեց բավականին գրագետ և հիմնավոր պատասխաններ, և ինձ մնաց ընդամենը այդ ինֆորմացիան պատշաճ կերպով ներկայացնել հիվանդին։ Առաջին րոպեների ոգևորությունս շատ շուտ տեղահանվեց տագնապով և դատարկության զգացողությամբ:
Ի՞նչ է մեզ բոլորիս սպասվում մոտ ապագայում` մարդու փոխարինում համակարգչով, գրեթե բոլոր ոլորտներում։ Արհեստական բանականությունը այսօր պատասխանում է բարդ հարցերի, վարում է ավտոմեքենա, գրում է գրքեր, նկարում է նկարներ, ստեղծում է երաժշտություն և ոչ միայն։
Մեր սերունդին բախտ էր վիճակվել ականատես լինելու տեխնոլոգիական հեղաշրջմանը՝ անցմանը համաշխարհային թվային ցանցի և սմարթֆոնների աշխարհ, իրականում դա դեռ սկիզբն էր՝ հեղաշրջումը ավարտվելու է ռոբոտների աշխարհում՝ ուր մարդը դառնալու է պարզապես անպիտան, զրկվելու է իր գլխավոր առաքելությունից՝ օգտակար լինելուց այլ մարդկանց», – գրել է Լեւոն Բադալյանը։






