Ինժեներները ստեղծել են փոքրիկ ռոբոտ, որը կարող է սողալ եւ առարկաներ բռնել։ Այս մասին տեղեկացրել է Վաթեռլոոյի համալսարանը։ Հայտնագործության նկարագրությունը հրապարակվել է Cell Reports Physical Science-ի գիտական հոդվածում։
Ռոբոտն ստեղծողները հույս ունեն, որ նման սարքերը պետք կգան վիրահատությունների ժամանակ, մարդու մարմնում գործողություններ կատարելու, ինչպես նաեւ դժվարհասանելի տեղերը հետազոտելու համար։
Գիտնականները հավաստիացրել են, որ սա առաջին փափուկ ռոբոտն է, որը սնուցման արտաքին աղբյուրին միանալու կարիք չունի, ինչն ապահովում է նրա շարժունությունն ու կիրառման համակողմանիությունը։ GeiwBot անունն ստացած սարքը 4 սանտիմետր երկարություն, երեք միլիմետր լայնություն եւ մեկ միլիմետր հաստություն ունի։ Չափերով հիշեցնում է որդի, բայց ավելի արագ է շարժվում՝ թրթուրի նման։
Ռոբոտը պատրաստված է հեղուկ բյուրեղանման էլաստոմերից, որն արձագանքում է լույսին։ Հենց լույսի էներգիան է ստիպում «որդին» ճկվել եւ գործի դնել այն։ «Մարմնի» ծայրամասերում գտնվում են բռնող բարձիկները, որոնք գործի են դրվում հզոր մագնիսի հաշվին։ Այսպիսով, ռոբոտը, առանց կուտակիչի, կարող է տեղափոխվել եւ սողալ պատերի եւ առաստաղների վրայով։





