Հայկական կողմը ընդունելի է համարում ԱՀԿ միջկառավարական բանակցային մարմնում (INB) քննարկվող համաճարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքմանն ուղղված փաստաթուղթը, սակայն առաջարկում է մի շարք փոփոխություններ: Այս մասին ասել է Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, որը Ժնեւում մասնակցում է այդ կառույցի չորրորդ հանդիպմանը:
Իր ելույթում նա հիշատակել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի 2020 թվականի կոչը` համավարակների ժամանակ համաշխարհային հրադադարի վերաբերյալ և առաջարկել համաձայնագրով սահմանել համավարակների ժամանակ հրադադար հաստատելու դրույթ ներառել:
Նա առաջարկել է փաստաթուղթը կառուցել «կանխարգելում-պատրաստություն-արձագանք-վերականգնում» տրամաբանությամբ: Նաև կոչ է արել շեշտադրել համավարակների կանխարգելմանը վերաբերող դրույթները` որպես համավարակների դեմ պայքարի կարևորագույն միջոցառում: Այս շրջանակում նա ընդգծել է ԱԱՊ օղակի վերաբերյալ դրույթների ներառումը և ապատեղեկատվության դեմ պայքարի կարևորությունը:
ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներն ու ոլորտային փորձագետները քննարկել են հետագա համավարակները արդյունավետ կերպով կանխելու և դրանց լավագույնս դիմակայելու հարցում հնարավոր լուծումները:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հետագա բանակցային գործընթացին` փաստաթուղթն առավել համապարփակ դարձնելու նպատակով:






