Կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակի կապակցությամբ հոկտեմբերի 10-ից 20-ն ընկած ժամանակամիջոցում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնը բոլոր կանանց 50 տոկոս զեղչ է առաջարկում՝ եռաչափ թվայնացված մամոգրաֆիկ հետազոտության համար: Այս մասին լրագրողներին Հայ-Ամերիկյան մշակութային միության նախագահ, կենտրոնի համահիմնադիր Ռիտա Պալյանը եւ հաստատության տնօրեն Խաչանուշ Հակոբյանն են հայտնել:
Ռիտա Պալյանը եւս մեկ անգամ հիշեցրել է կանանց, թե կրծքագեղձի քաղցկեղի վաղ ախտորոշումը եւ ոչ ժամանակավրեպ բուժումը որչափ մեծ կարեւորություն են ներկայացնում. առողջացման հավանականությունն այդ պարագայում նկատելիորեն աճում է: 40 տարեկանից բարձր կանանց նա խորհուրդ է տվել տարին մեկ անգամ կրծքագեղձի պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել՝ նույնիսկ եթե ոչ մի գանգատ չունեն:
Նշենք նաեւ, որ զեղչից օգտվելու համար հարկավոր է նախօրոք զանգահարել կենտրոն եւ հերթագրվել:
Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի մեկամսյակի կապակցությամբ Ռալֆ Լորեն խանութը եւս ակցիա է կազմակերպել. հոկտեմբեր ամսվա ընթացքում վաճառված որոշ զգեստների հասույթի 25 տոկոսը Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնին է փոխանցելու՝ ֆինանսապես անապահով կանանց կրծքագեղձերն անվճար հետազոտելու համար:






