Հայաստանում մտադիր են ընդլայնել անպտղության դեմ պայքարի ծրագիրը։ Այս մասին  այսօր ԱԺ նիստում կառավարական ժամի ընթացքում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Մասնավորապես, ծրագրում նախատեսվում է ընդգրկել 35 տարեկանից բարձր կանանց։ Նրանք կհամալրեն շահառուների ցուցակը։

«Մենք ստանում ենք հայտեր եւ խնդրանքներ ծրագրի ընդլայնման վերաբերյալ, եւ մենք դա միանշանակ կանենք։ Ամփոփենք առաջին 6 ամիսների արդյունքները եւ տեսնենք, թե հետագայում ինչպես կընդլայնենք այս ծրագիրը»,-ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ շահառուների տարիքը որոշելու որոշումը հիմնված է եղել բժիշկների ցուցմունքների եւ արդյունավետության մասին տվյալների վրա։ 

«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ որքան մեծ է կինը, այնքան փոքր է երեխա ունենալու հավանականությունը։ Նաեւ մոր առողջության համար ավելի շատ ռիսկեր կան եւ այլն»,-նշեց նախարարը։

Ավելի վաղ ՀՀ կառավարությունն ընդլայնել է  անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը։ Այսուհետ ծրագրից կարող են օգտվել մինչեւ 36 տարեկան բոլոր անզավակ կանայք։