Գաղտնիք չէ, որ հղիության ընթացքում պտղի զարգացման համար անհրաժեշտ բոլոր սնուցիչները մոր օրգանիզմով են փոխանցվում: Հենց այդ պատճառով է, որ հղի կանայք ճիշտ սնվելու կարիք ունեն: Մասնավորապես, նրանց սննդակարգում երկաթի պակասը, Քալիֆորնիա-Դեյվիս համալսարանը ներկայացնող գիտնականների համոզմամբ, կարող է երեխայի՝ աուտիզմով լույս աշխար գալու ռիսկի ավելացման հանգեցնել:

Diabet Insider-ի փոխանցմամբ, նման եզրահանգման համար աուտիզմով տառապող 520 երեխաների եւ նրանց մայրերի շրջանում իրականացված հետազոտությունն է հիմք ծառայել: Բացի այդ, գիտնականները, համեմատական վերլուծություն իրականացնելու համար, 346՝ առողջ երեխաներ ունեցած կանանց են առանձնացրել: Փորձագետների հետաքրքրել է հանգամանքը, թե արդյոք կանայք հղիության առաջին եռամսյակից ի վեր՝ մինչեւ կրծքով կերակրման մեկնարկը երկաթի բաղադրությամբ կենսաբանորեն ակտիվ հավելումներ են ընդունել: Աուտիզմի առաջացման մի շարք այլ գործոնների՝ ճարպակալման, շաքարախտի եւ հիպերտոնիայի առկայությունը եւս հաշվի է առնվել: 

Եզրահանգումը միանշանակ է՝ երկաթ պարունակող սննդային հավելումները աուտիզմի առաջացման ռիսկը նվազեցնելու ներուժ ունեն: Ընդ որում, 35 տարեկանից մեծ կանանց մոտ, եթե երկաթ չեն ընդունում, աուտիզմով տառապող երեխա ծնվելու հավանականությունը 5 անգամ բարձր է գնահատվել, քանի որ խնդրո առարկա տարրը չափազանց մեծ կարեւորություն ունի՝ ուղեղի զարգացման համար: Այն, մասնավորապես, նյարդային հաղորդիչների արտազատմանը, նեյրոններին միելինային թաղանթի ձեւավորմանը եւ իմունային համակարգի աշխատանքի խթանմանն է նպաստում: Բացի այդ, հղիներին խորհուրդ է տրվում նաեւ ֆոլաթթու ընդունել: