Ստենֆորդի համալսարանականները քաղցկեղային բջիջների՝ առաջնային ուռուցքից տարածումը եւ նոր օջախների ստեղծումը կանխարգելող սպիտակուցային թերապիա են մշակել: Բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող նոր սքրինինգային տեխնոլոգիան Nature Chemical Biology ամսագրում է նկարագրություն գտել: 

Կրթօջախի կայքում տեղակայված հաղորդագրության համաձայն, բուժման փորձարարական մեթոդը, որը քիմիաթերապիայի անվտանգ այլընտրանքը դառնալու հավակնություններ ունի, արդեն իսկ բարձր արդյունավետությունն է ցույց տվել՝ լաբորատոր մկների մոտ կրծքագեղձի եւ ձվարանի քաղցկեղի մետաստատիկ ախտահարումը դադարեցնելու հարցում:

Թերապիայի մշակման նպատակով մի քանի տարի առաջ հայտնաբերված՝ քաղցկեղային բջիջների մեծ մասին էքսպրեսիա հաղորդող եւ, ինչպես ընդունված է համարել, մետաստատիկ ախտահարման գործում վճռորոշ դերակատարում ունեցող Axl ռեցեպտորի եւ քաղցկեղային բջջին առաջնային ուռուցքը լքելու եւ օրգանիզմի այլ հատվածների ուղղությամբ տեղաշարժվելու ազդակներ հաղորդող Gas6 սպիտակուցային լիգանդի փոխազդեցությունն է ուսումնասիրվել:

Համալսարականները, մասնավորապես, փորձել են անցանկալի «համագործակցության» կանխարգելման հետեւանքը պարզել: Նրանք Axl սպիտակուցի նոր՝ փոփոխված տարբերակն են ստեղծել՝ լաբորատոր պայմաններում Gas6 լիգանդին ամուր կառչելու եւ դրա՝ քաղցկեղային բջիջների մակերեսին առկա սովորական Axl-ի հետ միացումը բացառելու հատկությամբ, ինչը մետաստատիկ կենսաքիմիական ազդակների թողարկումը կանխարգելելու միջոց է ծառայել:

Հարկ է նշել, որ Axl-ի մոդիֆիկացված տարբերակը, բնօրինակի հետ համեմատությամբ, 100 անգամ առավել ամուր կապ է կազմում Gas6-ի հետ:

Գիտահետազոտական խմբի մասնակիցները ստացված թակարդ-սպիտակուցը, երակային ներարկմամբ, կրծքագեղձի եւ ձվարանի ագրեսիվ քաղցկեղով հիվանդ մկների օրգանիզմ են փոխանցել: Որոշ ժամանակ անց, կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում ստացած կրծողների մոտ, համեմատական խմբում ներառվածների հետ համեմատությամբ, 78 տոկոսի չափով քիչ մետաստատիկ հանգույցներ են հայտնաբերվել: Ձվարանի քաղցկեղի դեպքում արդյունքն առավել նշանակալի է եղել՝ մետաստազների թվի 90 տոկոսի չափով կրճատում: