Սրտի բլոկադան (չշփոթել սրտի կաթվածի հետ), օրգանի էլեկտրական համակարգի խանգարման արդյունք է: Արեւմտյան Անգլիայի համալսարանը ներկայացնող պրոֆեսոր Ջոնաթան Բենջերի համոզմամբ, «արհեստավարժ եւ համարժեք սարքավորումներով զինված շտապ օգնության ծառայությունը» լավագույն լուծումն է՝ սրտի բլոկադայի ենթարկված հիվանդների համար, որոնց պարագայում նախքան սրտի անհապաղ վերակենդանացումը կամ դրա ընթացքում հոսպիտալացման փորձ չպետք է արվի:
Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ներկայացմամբ, սրտի բլոկադան օրգանի հանկարծակի անբավարար աշխատանքով է բնորոշվում, ինչը հաճախ առիթմիայի, ներառյալ՝ ոչ նորմալ եւ անկանոն ռիթմի արդյունք է եւ րոպեներ անց կարող է մահվան հանգեցնել: Երեւույթի դեմ դեֆիբրիլյատորի օգնությամբ օրգանի անհապաղ վերակենդանացման միջոցով կարելի է պայքարել: Միջոցառման նպատակը մեկն է՝ շոկ ստեղծել սրտի համար, որի արդյունքում րոպեներ անց ռիթմի կանոնավորում կարող է նկատվել, մեկնաբանում է Medical Daily-ն:
«Շտապ օգնության ծառայության աշխատակիցները պետք է չշտապեն հիվանդին բուժհաստատություն տեղափոխելու գործում, քանի դեռ արյան ինքնաբուխ շրջանառությունը չի վերականգնվել կամ հիվանդին տեղում փրկելու հույս է մնացել», - մեկնաբանել է Ջոնաթան Բենջերը՝ հավելելով, որ հազվադեպ դեպքերում, երբ հոսպիտալացումն արդարացված է, հիվանդը պետք է միայն մասնագետների ուղեկցությամբ բուժհաստատություն տեղափոխվի:
«Այդուհանդերձ, սրտի բլոկադայի առաջացման դեպքերի մեծ մասի պարագայում հարկավոր է մոռանալ հիվանդանոց մեկնելու մասին եւ տեղում լավագույն օգնությունը տրամադրելու, շտապ օգնության ծառայության անձնակազմին հնարավոր աջակցությունը ցուցաբերելու վրա կենտրոնանալ: Նմանատիպ՝ բուժհաստատության սահմաններից դուրս տեղի ունեցող դեպքերում լավագույն արդյունքի հասնելու համար հանրությունը՝ տեղեկացվածության, իսկ բուժանձնակազմը՝ հավելյալ վերապատրաստման կարիք է զգում», - ամփոփել է նա:






