Երեւանի պետական բժշկական համալսարանում այսօր՝ ապրիլի 6-ին, տեղի ունեցավ «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով կոնֆերանսը:
Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր բացման խոսքում ընդգծեց, որ Հայաստանում գրանցվող ժողովրդագրական ցուցանիշները մտահոգիչ են՝ հաշվի առնելով, որ մեր երկրում յուրաքանչյուր մարդու կյանքը կարելի է ազգային անվտանգության խնդիր համարել։
Արմեն Մուրադյանն առողջապահական գործոնների կողքին առանձնացրեց նաեւ այլ պատճառներ։ Օրինակ՝ ամուսնությունների թիվը վերջին 10 տարվա ընթացքում 13 տոկոսով նվազել է, իսկ ամուսնալուծությունները 40 տոկոսով ավելացել, ընդ որում ամուսնալուծվածների 85 տոկոսը երեխաներ չունեն։ Մուրադյանը մտահոգիչ համարեց նաեւ այն, որ կանայք այժմ ավելի ուշ տարիքում են ձգտում երեխա ունենալ։
«Միջին վիճակագրական տվյալներով` 1992թ․ Հայաստանում տղամարդիկ ամուսնանում էին 25 տարեկանում, իսկ այժմ՝ 30 տարի անց՝ 31 տարեկանում, աղջիկներն ամուսնանում էին 22 տարեկանում, այժմ՝ 28 տարեկանում։ 25 տարեկանում հղիանալու հավանականությունը 25 տոկոս է, 30 տարեկանում՝ 20 տոկոս, 35 տարեկանում հասնում է ընդհուպ 5 տոկոսի։ Եթե այս ցուցանիշներն ավելի վատթարանան, եւ ամուսնության միջին տարիքը դառնա 35-ը, ապա առողջապահական լրջագույն ներդրումներ կպահանջվեն, եւ սա մեզ համար ծայրահեղ մտահոգիչ է։ Ինչ տեխնոլոգիաներ էլ կիրառվեն, միեւնույն է, բնությունն ունի իր օրենքը։ Կանայք պետք է ձգտեն հենց էֆեկտիվ տարիքում երեխաներ ունենալու»,- ասաց Մուրադյանը։
Նրա խոսքով՝ բնական աճի հիմնական ցուցանիշը 30 տարում կրճատվել է գրեթե չորս անգամ։ 1990 թվականին ծնվել էր գրեթե 80 հազար երեխա, 2000 թվականին՝ 33 հազարով վատթարացում է գրանցվել։ 2022 թվականին ծնվել է 36 հազար 353 երեխա։
«Այսօր արդեն ծննդաբերում են 2000-ական թվականներին ծնված աղջիկները։ 1․6 երեխա ունենալու պարագայում այս թիվը գնալով նվազելու է՝ հաշվի առնելով, որ ապագա մայրիկների թիվն է քչանում։ Մեզ խիստ անհրաժեշտ է, որ պարզ վերարտադրողականության ցուցանիշը 2․2 լինի՝ հաշվի առնելով մանկական մահացությունը, հաշմանդամությունը եւ անպտղությունը։ Այս ցուցանիշը նշանակում է՝ յուրաքանչյուր ընտանիքում 3 եւ ավելի երեխա։ Եթե 2015 թվականին ամեն յոթերորդ ընտանիքն էր ունենում երրորդ երեխա, այսօր գրեթե ամեն երրորդ ընտանիքում է ծնվում երրորդ եւ ավելի երեխան»,- նշեց ԵՊԲՀ ռեկտորը։
Արմեն Մուրադյանը բնական է համարում, որ տղաները ծնվում են ավելի շատ՝ 104/106 հարաբերակցությամբ, բայց մեր երկրում այդ հարաբերակցությունը չի պահպանվում առանձին խնդիրներով պայմանավորված։ 2022 թվականին 2037-ով ավելի աղջիկ է ծնվել։
«Ավաղ այս ցուցանիշը երկու տարվա ընթացքում հավասարվում է։ Սրա մասին են վկայում բազմաթիվ միջազգային հետազոտություններ, որ տղաների առողջությունն ավելի խոցելի է, քան աղջիկններինը։ Կանայք ապրում են 4 տարի միջինում ավելի երկար, տղամարդիկ չորս անգամ ավելի շատ են պատահարներից զոհվում, արտաքին միջամտության հետեւանքով մահերը, ինքնասպանություններն առավել շատ են տղամարդկանց մոտ։ Այնումամենայնիվ, հենց տղամարդու առողջության ծրագիր եզակի երկրներում կա»,- ասաց Մուրադյանը։
Արմեն Մուրադյանն ասաց, որ Հայաստանն իր ցուցանիշներով շատ չի տարբերվում տարածաշրջանի երկրներից, սակայն որպես օրինակ պետք է ընդունել Իսրայելի քաղաքականությունը։
«Իսրայելի վերարտադրողականության ցուցանիշը 2․56 է։ Այս պետությունը 1948 թվականին պետականություն է ձեռք բերել, եւ 600 հազարից հասել 10 միլիոնի։ Իրենք ունեն գրավիչ գործիքներ բացի վերարտադրողական ծրագրերի մատչելիությունից։ Երեխայի ծնունդն այս երկրում համաժողովրդական ուրախության գրավական է, անգամ գիտական աշխատություններով նրանց երջանկության գործակիցներից մեկը շատ ծնունդներով է պայմանավորված։ Սա գափարախոսություն է, որը պետք է ընդունել»,- նկատեց Արմեն Մուրադյանը։
Աշխարհում 48 միլիոն զույգ եւ 186 միլիոն անհատ տառապում են ապտղությամբ։ 12 տոկոս անպտղության ցուցանիշը ԱՀԿ-ն տագնապալի ցուցանիշ է համարում յուրաքանչյուր հասարակության համար։ Մեր երկրում այդ ցուցանիշը 16․8 տոկոս է, որում առաջնային անպտղություն 5․4 տոկոս է, երկրորդային՝ 11․4 տոկոս։
Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանության վարչության պետ Նունե Փաշայանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջնային անպտղությունը տղամարդկանց մոտ առանձնապես չի տարբերվում, սակայն երկրորդայինի դեպքում վերջին հետաազոտությամբ առավել բարձր է կանանցից։ Պատճառները բազմաթիվ են՝ սթրեսներից մինչեւ չբուժված վարակներ։
Փաշայանի խոսքով՝ սելեկտիվ աբորտների թվի նվազման հարցում վերջին տարիներին բավականին մեծ նվաճումներ կային, որովհետեւ համամասնությունը բավականին նվազել էր։
«Գրեթե մոտենում էինք ֆիզիոլոգիական նորմին, բայց, ցավոք սրտի, 2022 թվականին մենք ունենացանք համամասնության բարձրացում։ Խնդիրը բոլորինս է, պետք է մեծ իրազեկման աշխատանքներ անենք, որովհետեւ ինչ-որ բան արգելելով՝ ոչնչի չենք հասնի։ Մարդիկ չպետք է ցանկանան սելեկտիվ աբորտ անել»,- ընդգծեց Նունե Փաշայանը։
ԵՊԲՀ հանրային առողջության եւ առողջապահության ամբիոնի դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը մեզ հետ զրույցում որպես ծնելիության ցուցանիշի նվազում առանձնարեց նաեւ մարդկանց ցանկությունը քիչ երեխաներ ունենալու եւ անվտանգային պայմանները։ Առողջապահական ցուցանիշներն այստեղ համեստ տոկոս են կազմում։
«Սոցիալ-տնտեսական գործոններն ավելի մեծ են։ Եթե անհատը կամ զույգն ուզում է երեխա ունենալ, առողջապահական համակարգը կարող է օգնել, բայց եթե մյուս գործոնների պատճառով չի ուզում, մեր դերակատարումը սահմանափակվում է»,- ասաց Մելիք-Նուբարյանը։





