Պոլիկլինիկաների աշխատաժամանակի ռեժիմում փոփոխություններ կկատարվեն, աշխատաժամանակը կավելանա 2 ժամով: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը:

Նրա խոսքով, Հայաստանի խոշոր քաղաքներում պոլիկլինիկաներն աշխատում են առավոտյան 9-ից մինչեւ 18.00-ն. «Հարցումները ցույց են տալիս, որ այդ գրաֆիկի մեջ մարդիկ չեն կարողանում որեւէ կերպ դիմել պոլիկլինիկա, զննում անցնել: Պլանավորում ենք ժամերի ընդլայնում՝ առավոտյան 8-ից մինչեւ ժամը 19-ը: Բուժաշխատողների աշխատանքային ժամերի քանակը շաբաթական 33 ժամ է, այսինքն օրական 6 ժամ 36 րոպե է կազմում, իրենք այդպես էլ աշխատում են՝ 4,5 ժամ պոլիկլինիկայում, դրան գումարվում են տնային կանչերը: Այդ առումով 6 –ժամ 36 րոպեն կպահպանվի: Առավոտյան ժամը 8-9-ը կաշխատեն լաբորատոր բաժանմունքը, որտեղ կլինի 1-2 բուժքույր:

Պլանավորում ենք ունենալ նեղ մասնագետների հերթապահություն մինչեւ ժամը 19-ը, գոնե շաբաթական մեկ օր: Այսինքն խիստ ծանրաբեռնվածություն չի լինելու ժամային առումով»,-ասաց փոխնխարարը՝ հավելելով, որ Երեւանում միջին մեկ թերապեւտ բժշկին բաժին է ընկնում 1-2 կանչ օրական:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ կներդրվի ժամային փոփոխությունը, Ջումայանը պատասխանեց. «1-2 ամսում քննարկումները կավարտենք եւ արդեն կունենանք այս նոր գրաֆիկը»: