Չինաստանում 56-ամյա կինը մահացել է H3N8 թռչնագրիպի վիրուսի շտամից, տեղեկացրել է Medical Xpress-ը՝ հղում կատարելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը։ Սա հիվանդության այդ շտամից մարդու մահվան առաջին դեպքն է։

ԱՀԿ-ի տվյալներով՝ կինը հիվանդացել է փետրվարի 22-ին, մարտի 3-ին տեղափոխվել է հիվանդանոց՝ ծանր թոքաբորբով, մահացել է մարտի 16-ին։

«Պացիենտը մի քանի ուղեկցող հիվանդություններ ուներ։ Հիվանդության պատմության մեջ նշված էր շփումը ընտանի թռչնի հետ՝ մինչեւ ախտանշանների հայտնվելը, նշվել է նրա տան մոտ վայրի թռչունների առկայության մասին»,- տեղեկացրել ՄԱԿ-ի առողջապահության գործակալությունը։ «Հաղորդման պահին պացիենտի մերձավորներից ոչ մեկի մոտ վարակ կամ հիվանդության ախտանշաններ չեն եղել»,- ավելացրել են գերատեսչությունում։

Վիրուսի փոխանցման մասին

Չնայած շփումը թռչնի հետ կարող է վարակ առաջացնել, մինչ այժմ պարզ չէ, թե որն է հիվանդության ստույգ աղբյուրը եւ ինչպես է այդ A(H3N8) վիրուսը կապված թռչնագրիպի այլ վիրուսների հետ, որոնք շրջանառվում են թռչունների շրջանում։

Սովորաբար թռչնագրիպի դեպքերը մարդու համար վարակված ընտանի թռչնի (մեռած, թե կենդանի) հետ ուղղակի կամ անուղղակի շփման հետեւանք են, կամ էլ հետեւանք են աղտոտված շրջակա միջավայրի հետ շփման։

«Ըստ երեւույթին, այդ վիրուսը մարդուց մարդու հեշտ չի փոխանցվում, ուստի դրա տարածման վտանգը մարդկանց համար ազգային, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում համարվում է ցածր»,- հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Գրիպի վիրուսների մշտապես փոփոխվող բնույթի հետ կապված՝ ԱՀԿ-ն ընդգծում է գլոբալ համաճարակաբանական վերահսկողության կարեւորությունը։ Այն անհրաժեշտ է վիրուսաբանական, համաճարակաբանական եւ կլինիկական փոփոխությունները վերհանելու համար՝ կապված գրիպի շրջանառվող վիրուսների հետ, որոնք կարող են ազդել մարդու կամ կենդանիների առողջության վրա։

ԱՀԿ-ն հայտարարել է, որ կենդանիների գրիպով մարդկանց վարակվելը հանգեցնում է տարբեր հիվանդությունների՝ կոնյունկտիվիտից, թեթեւ գրիպանման ախտանշաններից մինչեւ ծանր սուր շնչառական հիվանդություններ կամ նույնիսկ մահ։ Տեղեկացվել է հազվադեպ աղեստամոքսային կամ նյարդաբանական խանգարումների մասին։

H3N8 վիրուսը շրջանառվում է 2022 թվականից, առաջին անգամ հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայի ջրլող թռչունների մոտ։ Այն վարակում է ձիերին, շներին  եւ ծովաշներին։ Մարդկանց վարակվելու մասին տեղեկություններ մինչեւ 2022թ. չեն ստացվել։ Իսկ 2022թ. ապրիլին եւ մայիսին Չինաստանում հայտնաբերվել է ոչ մահացու երկու դեպք։ Մի պացիենտի մոտ առաջ է եկել ծանր հիվանդություն, իսկ մյուսի մոտ ախտանշանները թեթեւ են եղել։ ԱՀԿ-ն հայտարարել է, որ երկու մարդիկ էլ, հավանաբար, վարակվել էին վարակված ընտանի թռչնի հետ ուղղակի կամ անուղղակի շփման հետեւանքով։