ChatGPT-ը երբեւէ գործարկված ամենաարագ աճող հավելվածն է: Նոյեմբերին հայտնված արհեստական ինտելեկտով չաթ բոտը ընդամենը երկու ամսում ունեցավ 100 միլիոն օգտատեր: Բայց ի՞նչ կարող է ChatGPT-ն տալ բժշկությանը:
Առողջապահության ոլորտում կան արհեստական բանականության կիրառության բազմաթիվ տարբերակներ, հայտնում է Medical News-ը։
Հեռաբժշկություն
COVID-19 համավարակից հետո մեծ տարածում ստացավ հեռաբժշկութունը։ ChatGPT-ը կարող է նպաստել բժշկության հեռահար մեթոդների արագացմանը՝ վիրտուալ օգնականներ ստեղծելով պացիենտներին գրանցելու եւ բուժման հարցերով օգնելու համար։
Օգնություն՝ որոշումներ կայացնելիս
Մարդիկ միշտ անհրաժեշտ կլինեն ախտորոշում կատարելու եւ բուժում նշանակելու համար, սակայն ChatGPT-ը կարող է օգնել որոշումներ կայացնելիս՝ իրական ժամանակում առաջարկություններ տրամադրելով: Նա կարող է կանխատեսել դեղերի փոխազդեցության հետեւանքները, նախնական առաջարկներ անել որոշակի ախտանիշների բուժման համար:
Բժշկական փաստաթղթերի վարում
ChatGPT-ն կարող է ամփոփել պացիենտների հիվանդության պատմությունները ՝ պարզեցնելով գրառումների գրանցման գործընթացը: Իսկ մենք հիշում ենք, որ բժշկական անձնակազմից շատ արժեքավոր ժամանակ է պահանջվում գրառումները անելու համար: Տեսականորեն, բուժաշխատողները կարող են թելադրել տվյալները, որոնք արհեստական բանականությունը կարող է ավտոմատ կերպով ամփոփել, առանձնացնել հիմնական դետալները:
Թարգմանություն իրական ժամանակում
Սա ChatGPT-ի եւս մեկ գործառույթն է, որը կարող է օգտագործվել բժշկության մեջ: Պատկերացրեք, որ արհեստական բանականությունը արագ եւ ճշգրիտ կերպով թարգմանում է տերմինները, որպեսզի հիվանդները լիովին հասկանան ախտորոշման եւ բուժման տարբերակները:
Կլինիկական փորձարկումներ
Դրանք մեծ նշանակություն ունեն բուժման նոր մեթոդների մշակման համար, սակայն կլինիկական փորձարկումների մասնակիցների ընտրությունը երկար ժամանակ է պահանջում։ ChatGPT-ն ի վիճակի է հայտնաբերել հիվանդներին, որոնք համապատասխանում են ուսումնասիրության ընդգրկման չափանիշներին: Սա կօգնի հետազոտողներին արագ կապ հաստատել նրանց հետ, ովքեր ցանկանում են մասնակցել փորձարկումներին:
Ախտանիշների ստուգում
Կան բազմաթիվ առցանց գործիքներ, որոնք նախատեսված են ախտանիշները ստուգելու համար: Նրանք օգնում են հիվանդներին որոշել, թե արդյոք նրանք բժշկական օգնության կարիք ունեն: ChatGPT-ն կարող է օգտագործվել նաեւ նման նպատակների համար։
Բժշկական կրթություն
Արհեստական բանականությունը կարող է նաեւ բարելավել բժշկական կրթությունը: Այն բժշկական մասնագետներին եւ ուսանողներին տրամադրում է ակնթարթային հասանելիություն իրենց անհրաժեշտ տեղեկատվությանն ու ռեսուրսներին:
Հավելվածներ
Վերջապես, ChatGPT-ն ունի հնարավորություն մշակել հավելվածներ հոգեկան առողջության աջակցության, պացիենտների հեռահար մոնիթորինգի, դեղորայքի կառավարման, հիվանդությունների հսկողության, բժշկական տեքստեր գրելու, հիվանդների տեսակավորման եւ այլնի համար:
Որո՞նք են առողջապահության մեջ ChatGPT-ի օգտագործման թերությունները
Չնայած արհեստական բանականության ներուժը հսկայական է, կարեւոր էթիկական խնդիրները չեն կարող անտեսվել: ChatGPT-ի գործարկման հետ մեկտեղ կենսականորեն կարեւոր է, որ մենք այն օգտագործենք էթիկապես ճիշտ եւ անվտանգ եղանակով:
Գաղտնիություն եւ անվտանգություն
Չաթից օգտվելիս դուք տվյալներ եք փոխանցում դրան, որոնք գաղտնի տեղեկատվություն են հիվանդի կյանքի եւ առողջության մասին: Սա մեծ նշանակություն ունի։ Մինչ ChatGPT-ը լայնորեն կկիրառվի առողջապահության ոլորտում, հարկավոր է ստեղծել համակարգեր, որոնք կապահովեն տեղեկատվության գաղտնիությունը:
Օգնել բժշկին, ոչ թե փոխարինել նրան
Վտանգ կա, որ ChatGPT-ի անհավանական հնարավորությունների շնորհիվ օգտվողները կսկսեն կուրորեն վստահել համակարգին: ChatGPT-ը նախատեսված է օգնելու համար, այլ ոչ թե բժշկին փոխարինելու: Ամբողջ աշխատանքը եւ տրամադրած տեղեկությունները պետք է ստուգվեն: Առողջապահության ոլորտում արհեստական բանականության սխալն իր հետեւանքներով հավասար կլինի բժշկի սխալին։
Ի՞նչ կարող է անել ChatGPT-ը եւ ինչու է այն այդքան հայտնի
Ժամանակին արհեստական բանականությունը գիտաֆանտաստիկայի թեմա էր, սակայն այժմ այն լայնորեն կիրառվում է առօրյա կյանքում։ Մինչեւ վերջերս արհեստական բանականությունը կարող էր կարդալ եւ գրել, բայց նրան պակասում էր հասկանալու կարողությունը: Թվում է, թե Chat GPT-ն կարողացավ հաղթահարել այս արգելքը։
ChatGPT-ը գոյություն ունի չաթ-բոտի տեսքով, որը կարող է գրել հոդվածներ, էսսեներ, աշխատանքի դիմումներ եւ նույնիսկ կատակներ եւ բանաստեղծություններ՝ ի պատասխան տեքստային հուշումների: Նա ապշեցրեց մեզ իր ունակություններով՝ հանձնելով իրավաբանական քննություններ Մինեսոտայի համալսարանում՝ գրելով հոդվածներ եւ կեդեր կայքի համար:
Գիտության բոլոր բնագավառների առաջատարները արդեն սկսել են ուսումնասիրել, թե ինչպես կարող է օգտակար լինել չաթը, եւ բժշկությունը բացառություն չէ:
ChatGPT-ն կարող է բարելավել առողջապահությունը բազմաթիվ առումներով: Այնուամենայնիվ, այս տեխնոլոգիան պետք է օգտագործվի զգուշությամբ: Արհեստական բանականությունը կարող է հրաշալի օգնական լինել, բայց այն չի փոխարինի բժշկին։






