Առողջապահության մարկետինգը նոր հասկացություն է Հայաստանի համար։ Մեր երկրի դեռ ոչ բոլոր բժշկական հաստատություններն ունեն համապատասխան մասնագետներ և ոչ բոլորն են գիտակցում իրենց գործունեությունը մարկետինգի հիմունքներով կառուցելու անհրաժեշտությունը։ Ինչ-որ չափով դա հասկանալի է, որովհետև առողջապահությունն ու բժշկությունը դասական բիզնես ոլորտներ չեն, այստեղ շատ նշանակալի է սոցիալական բաղադրիչը։ Բայց ժամանակակից աշխարհում առանց մարկետինգային մոտեցումների արդյունավետ կառավարումը անհնար է նաև բժշկության և հանրային առողջության ոլորտում։
Որո՞նք են առողջապահության մարկետինգի առանձնահատկությունները
Ի տարբերություն դասական մարկետինգի՝ առողջապահության ոլորտում մենք գործ չունենք սովորական ապրանքների վաճառքի հետ։ Այստեղ հաճախորդները բուժառուներն են, իսկ վաճառվող ապրանքը՝ նրանց առողջությունը, ասում է «Աստղիկ» բժշկական կենտրոնի հանրային կապերի և մարկետինգի բաժնի ղեկավար Լուսինե Պետրոսյանը։

Ուստի, նրա խոսքով, առողջապահության մարկետինգի հիմնական խնդիրներից մեկը բնակչության կրթական, իրազեկվածության և ինքնագիտակցության մակարդակի բարձրացումն է։
Այստեղ շատ կարևոր է մարդկանց գիտակցությանը հասցնել կանխարգելիչ հետազոտությունների, սեփական առողջական խնդիրների հանդեպ ավելի ուշադիր լինելու կարևորությունը, իրազեկել բոլոր բժշկական նորարարությունների մասին, ինչպես նաև ապահովել փոխադարձ կապը բժշկական հաստատության ու բուժառուների միջև։
«Այստեղ ավելի շատ ոչ թե վաճառքն է, ինչպես սովորական մարկետինգում, այլ զարգացումը, որը բնականաբար կբերի վաճառքների ավելացմանը»,- ասում է նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր բուժհաստատությունում առողջապահության մարկետինգի նպատակը նաև երկրում առողջապահության ոլորտի զարգացմանը նպաստելն է։
Ի՞նչ ուղի են անցել «Աստղիկ» ԲԿ-ն ու Լուսինե Պետրոսյանը առողջապահության մարկետինգի ներդրման ճանապարհին
2008-ից մասնագիտությամբ լրագրող Լուսինե Պետրոսյանն աշխատել է «Նատալի Ֆարմ» ընկերության «Ֆարմ Արմենիա» ամսագրի խմբագիր, ու դեռ այն ժամանակ է հասկացել, թե որքան հետաքրքիր ոլորտ է առողջապահության կառավարումը, և որքան կարևոր դեր ունի առողջապահական լրագրությունը բնակչությանը իրազեկելու հարցում։
«Շատ խնդիրների ես բախվում, տեսնում ես, որ Հայաստանի բնակչությունը սեփական առողջությանն այլ կերպ է վերաբերվում, բժշկի գնում է, երբ դանակը ոսկորին է հասնում։ Ու երբ տեսնում ես, թե ինչքան բան կարելի է կանխարգելել, ինչքան մարդկանց կյանք կարելի է փրկել՝ ժամանակին հետազոտելով, սկսում ես հասկանալ, որ այս ոլորտում շատ գործ կա անելու հասարակության գիտակցությունը բարձրացնելու համար»,- ասում է նա։
2013-ից, երբ «Մալաթիա» ԲԿ-ն դարձավ «Նատալի Ֆարմ» ընկերության սեփականությունը, հիվանդանոցը սկսեց կատարել իր առաջին մարկետինգային քայլերը․ առաջինը հիվանդանոցներից բացեց ֆեյսբուքյան էջն ու կայքը, ու «Ֆեյսբուք»-ում աշխատում էին արձագանքել մարդկանց բոլոր գրառումներին, հետադարձ կապ ստեղծելով, ու պացիենտների մեծ բազա հավաքելով։
Լուսինե Պետրոսյանի խոսքով՝ այն ժամանակ, երբ ինքն ասում էր, որ զբաղվում է բուժկենտրոնի մարկետինգով, շատերը զարմացած հարցնում էին, թե բուժկենտրոնին մարկետինգն ինչու է պետք։ Հետո բոլորը սկսեցին քիչ-քիչ գիտակցել դրա կարևորությունը։
2015 թ․, երբ բացվեց «Աստղիկ» բուժկենտրոնը, Լուսինե Պետրոսյանը առաջինը կազմակերպեց ուղիղ հեռարձակումներ բժիշկների հետ, որոնց ժամանակ նրանք ուղիղ եթերում պատասխանում էին բուժառուների հարցերին։ Հետո այդ նորարարությունը կրկնօրինակեցին շատ բուժկենտրոններ։ Ըստ մարկետինգի բաժնի ղեկավարի՝ այդ ուղիղ հեռարձակումներն արվել են ԱՄՆ Մայո կլինիկայի օրինակով, ուսումնասիրվել է նրանց փորձը, ստուդիայի հագեցվածությունը, և նմանատիպ ստուդիա ստեղծվել է «Աստղիկ» ԲԿ-ում։

«Ես դրանով շատ հպարտ եմ ու շատ ուրախ եմ, որ հետագայում այլ բուժկենտրոններ սկսեցին իրենց լայվերն անել։ Այսինքն՝ ինչ-որ բան դարձավ նախադեպ։ Զուգահեռ դրան փորձեցի զարգացնել բժշկական կրթությունս, անցա Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի առողջապահական մարկետինգի օնլայն կուրսեր»,- պատմում է Լուսինե Պետրոսյանը։ Այնուհետև նա 15-օրյա վերապատրաստում է անցել «Գլենդեյլ-Ադվենտիստ» բժշկական կենտրոնի մարկետինգի բաժնում, այցելել և ծանոթացել է նաև այլ ամերիկյան հիվանդանոցների աշխատանքին։ «Այս ամենը հնաարավոր դարձավ Աստղիկ ԲԿ-ի տնօրեն՝ Ասատուր Ասատրյանի վստահության եւ աջակցության շնորհիվ», - ասում է Լուսինե Պետրոսյանը։
2019 թ. Լուսինեն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի Բիզնես վարչարարություն (MBA in Healthcare Management) որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» կրթական ծրագիրը, և այժմ, որպես հրավիրյալ մասնագետ, առողջապահության մարկետինգ է դասավանդում Երևանի որոշ բուհերում և ՇՄԶ կրեդիտավորված դասընթացների շրջանակներում։

«Դասավանդելն ինձ համար շատ կարևոր է, որովհետև երբ շատ մեծ փորձ ունես, բայց եթե փակ է մնում, ոչնչի չի ծառայում։ Ինձ համար կարևոր էր, որպեսզի մարդիկ, հատկապես բժիշկները, կարևորեն մարկետինգը, սեփական փիառը, իմանան, ինչպես ներկայացնեն իրենց աշխատանքը, ինչպես աշխատեն պացիենտի հետ, ինչպես իրենք իրենց մասին տրամադրեն իրական տեղեկատվություն, ինչպես կառավարեն թվային հարթակները և այլն»,- ասում է նա։

Ի՞նչ միջոցառումներ է իրականացնում «Աստղիկ» ԲԿ-ն բնակչությանը իրազեկելու եւ կրթելու համար
Տարիներ շարունակ «Աստղիկ» բուժկենտրոնը կազմակերպել է «բաց դռների օրեր». բժիշկները պարբերաբար այցելել են մարզեր և հետազոտություններ իրականացրել, ու հաճախ մարզերում դա դիտվել է որպես «պացիենտ փախցնելու» գործողություն։ 2022թ-ից բուժկենտրոնը փոխել է մարտավարությունը, և մարզային այցելությունների ժամանակ կազմակերպվում են կրթական սեմինարներ տեղի բժիշկների համար։
«Մեր նպատակն է ոչ միայն տեղում հիվանդներին զննելը, այլ նրանց զննելը տեղի բժիշկների հետ միասին, ու միասին ախտորոշում դնելը։ Այսինքն՝ մենք մի քայլ բարձրացրեցինք մարզային բժիշկների և բնակիչների հետ համագործակցության մակարդակը։ Եվ շատ ուրախալի է, որ այսօր մարզի բժիշկը մեզ ընկալում է որպես գործընկեր։ Սրան մենք հասել ենք տարիների աշխատանքի շնորհիվ»,- ընդգծում է Լուսինե Պետրոսյանը։
«Աստղիկ» ԲԿ–ն առաջինն է որպես բժշկական կենտրոն Հայաստանում սկսել անցկացնել կրեդիտավորված մասնագիտական սեմինարներ մարզային և առողջության առաջնային պահպանման օղակի բժիշկների համար դեռևս 2013թ-ից, որի նախաձեռնողն ու իրականացնողը Լուսինե Պետրոսյանն էր։ Առաջին կրեդիտավորված հավաստագրերը այն ժամանակվա նախարար Արմեն Մուրադյանի ստորագրությամբ տրամադրել է «Աստղիկ» ԲԿ-ն։
Հիվանդանոցը նաև պարբերաբար Հայաստան է հրավիրում արտերկրի հայտնի բժիշկների։ «Աստղիկ» ԲԿ-ում գործում է հատուկ մայրության դպրոց, որպեսզի հղիները ճիշտ, գրագետ պատրաստվեն ծննդաբերությանը։
Ի՞նչ նոր մարկետինգային ծրագրեր ունի «Աստղիկ» ԲԿ-ն
Ըստ Լուսինե Պետրոսյանի՝ ուղիղ հեռարձակումները շարունակվելու են, բայց այլ ֆորմատով, որը նա դեռ չի բացահայտում։ Շուտով կթողարկվի հիվանդանոցի նոր կայքը, որը կունենա մի շարք նորարարություններ, այդ թվում՝ բուժառուները կկարողանան իրենց հեռախոսում ունենալ անձնական էջեր, որոնց միջոցով կունենան օնլայն այց գրանցելու հնարավորություն, կստանան բժշկի օնլայն խորհրդատվություն և իրենց հետազոտությունների պատասխանները, ինչպես նաև կկարողանան օնլայն վճարել ծառայությունների համար։
«Ցանկացած միջոցառում կազմակերպելիս, նոր նախագծեր մշակելիս մեր նպատակն է մարդկանց ավելի շատ իրազեկելը ու փոխադարձ կապը պահելը։ Մենք նաև սովորում ենք մեր բնակիչներից։ Շատ խնդիրներ նրանք են բարձրաձայնում, և մենք սկսում ենք նաև այդ տեսանկյունից նայել։ Սա մի շղթա է, որ անընդհատ աշխատում է, ու մենք իրար փոխադարձաբար օգնում ենք զարգանալ ու աճել»,- ասում է Լուսինե Պետրոսյանը։
P.S.
Մայիսի 5-7–ը Ծաղկաձորում Լուսինե Պետրոսյանը բիզնեսի կառավարման փորձագետ Սաթենիկ Մկրտչյանի հետ կվարի «Առողջապահական բիզնես. Արդյունավետ կառավարում եւ զարգացում» դասընթացը։







