Սեպտեմբերի 26-ին Երեւանում գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի եւ Ուրոլոգիայի եվրոպական դպրոցի դասընթացի XVI տարեկան երկօրյա կոնգրեսն է մեկնարկելու: Ինչպես միջոցառման կազմկոմիտեի եւ Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին է NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել, կոնգրեսի ուշադրության կենտրոնում գործառնական ուրոլոգիան է լինելու: Համաձայն օրակարգի, միզարձակության նորմային եւ դիսֆուկցիային, տղամարդու վերարտադրողական եւ սեռական գործառույթներին, ինչպես նաեւ կանացի սեռական գործառույթին եւ դիսֆունկցիային վերաբերող հարցեր են քննարկվելու: 

Կոնգրեսի շրջանակում Ուրոլոգիայի եվրոպական դպրոցը պրոֆեսոր Վոլֆգանգ Աուլիտցկին է ներկայացնելու՝ Վիենայից: Վերջինս պատրաստվում է զեկույց ընթերցել՝ տղամարդու անպտղության կառավարման, էրեկցիայի մեխանիզմների եւ էյակուլյացիայի վերաբերյալ: «Վիրաբուժական միջամտությունից հետո կոնքային հատակում ի հայտ եկող սեռական խանգարումներ. ռիսկեր եւ մոլորություններ» թեմայով, ինչպես նաեւ սթրեսային անմիզապահության վերաբերյալ զեկույցի ընթերցումն էլ Գ. Կասյանին է վերապահված՝ Ռուսաստանից: 

Ցավոտ միզապարկի եւ սեռական գործառույթի համախտանիշի մասին Ջ. Հեեսակկերսը կպատմի՝ Նիդեռլանդներից:

Միջոցառման երկրորդ օրը Հայ ուրոլոգների ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկիի եւ ՀՀ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ողջույնի խոսքերով կբացվի: Բացի այդ էլ, պրոֆեսոր Ա.Ի. Աղաջանյանի 75-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ տեղի կունենա:

Նույն օրը ռուս մասնագետները da Vinci ռոբոտի օգնությամբ երիկամի քաղցկեղի բուժման, (Մ.Ս. Մոսոյան, Սանկտ-Պետերբուրգ), երիկամի քաղցկեղի վիրահատական բուժման հետեւանքով ի հայտ եկող սրտանոթային եւ երիկամային բարդությունների դեմ պրոֆիլակտիկ պայքարի (Ա.Մ. Եսայան, Սանկտ-Պետերբուրգ) եւ ուրոլոգիայում համաժամանակյա լապարոսկոպիկ վիրահատությունների իրականացման (Օ.Է. Դիլանյան, Մոսկվա) հնարավորությունները կներկայացնեն: