Բրազիլացի գիտնականները միջատների օրգանիզմում դենգե տենդի զարգացումը ճնշող մանրէներով վարակված տասնյակ հազարավոր մոծակներ են բաց թողել Ռիո-դե-Ժանեյրոյում: Միջոցառման նպատակն այն է, որ վարակված միջատները, բազմանալով, աստիճանաբար գերիշխող տեսակ դառնան, ինչը, ենթադրաբար, կարող է երկրում հիվանդության տարածման տեմպերի դանդաղեցման հանգեցնել: 

Fiocruz գիտահետազոտական ինստիտուտի նախաձեռնությամբ իրականացվող նախագծային աշխատանքները դեռեւս 2012թ.-ին են մեկնարկել: BBC-ի հաղորդմամբ, ներկայումս համարժեք փորձարկումներ նաեւ Ավստրիալիայում, Ինդոնեզիայում եւ Վիետնամում են ընթանում:

Գիտնականների հավաստիացմամբ, Wolbachia միջբջջային մանրէն, որով միջատները վարակված են, մարդուն չի անցնում: Այն դենգե տենդի հաղորդիչ համարվող Aedes Aegypti տեսակի մոծակների համար որպես պատվաստանյութ է գործում: Ասել է, թե՝ վիրուսի՝ միջատի օրգանիզմում տարածումը կանխարգելելու հատկություն ունի:

Նախագծի ղեկավար Լյուչանո Մորեյրայի հաղորդմամբ, գիտնականները շաբաթը մեկ Ռիոյի չորս շրջաններ են մեկնում՝ հետազոտության ենթակա միջատներ բռնելու համար: Նրա ենթակայությամբ գործող գիտահետազոտական խմբի անդամները առաջիկա ամիսներին տասնյակ հազարավոր նոր՝ օգտակար մանրէներով վարակված մոծակներ են բաց թողնելու քաղաքում: