Պրոբիոտիկները կարող են օգնել բարելավել նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի եւ լիպիդների պրոֆիլը։ Այս մասին նշվել է այն հետազոտությունում, որը հրապարակվել է Diabetology & Metabolic Syndrome Journal ամսագրում, տեղեկացրել է Medical Dialogues պորտալը։

Նախադիաբետն այն վիճակն է, որը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով, ինչը կարող է հանգեցնել 2-րդ տեսակի դիաբետի առաջացման։ Իսկ սա լուրջ խնդիր է առողջապահության համար։ Աղիների միկրոբիոմը կարող է դեր խաղալ ինսուլինի հանդեպ զգայունակության կարգավորման գործում եւ ազդել գլյուկոզայի մակարդակի վրա։ Հետազոտությունն ուղղված էր նախադիաբետ ունեցող պացիենտների գլիկեմիկ եւ լիպիդային պրոֆիլների վերահսկման վրա պրոբիոտիկների հնարավոր ազդեցության ուսումնասիրմանը։

Հետազոտության գործընթացը եւ արդյունքները

Հետազոտությունն իրականացվել է Իրանի բժշկական գիտությունների Մեշհեդի համալսարանի Գաեմի հիվանդանոցի մասնագետների խմբի կողմից։ Այն ռանդոմիզացված երկակի կույր կլինիկական հետազոտություն է, որին մասնակցել է նախադիաբետ ունեցող 70 պացիենտ։

Մասնակիցները բաժանվել են երկու խմբի, որոնցից յուրաքանչյուրը կենսակերպը փոխելու ուսուցում է անցել։ Մի խումբը ստացել է պրոբիոտիկի պատիճներ՝ օրական 500 միլիգրամ երեք ամսվա ընթացքում, իսկ մյուս խումբը ստացել է դատարկահաբ։

Եռամսյա շրջանից առաջ եւ հետո  կատարվել են մի շարք չափումներ։ Վերահսկվել են սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշումը, ինսուլինի մակարդակն արյան շիճուկում, գլիկոզիլացված հեմոգլոբինի մակարդակը, արյան մեջ շաքարի մակարդակը դատարկ ստամոքսի պարագայում, ցածր խտության լիպոպրոտեինները, բարձր խտության լիպոպրոտեինները եւ տրիգլիցերիդները։

Ահա թե ինչ է ցույց տվել հետազոտությունը.

  • Պրեբիոտիկ ստացած խմբում պացիենտների մոտ նկատվել է քաշի զգալի նվազում, դատարկ ստամոքսի պարագայում գլյուկոզայի մակարդակի, գլիկոզիլացված հեմոգլոբինի, տրիգլիցերիդների եւ ցածր խտության լիպոպրոտեիդնեի մակարդակի իջեցում,
  • Պրոբիոտիկ ստացած պացիենտներն ունեցել են ինսուլինի եւ բարձր խտության լիպոպրոտեիդների մակարդակի զգալի բարձրացում։  

Չեն հայտնաբերվել միջին սիստոլիկ եւ դիաստոլիկ զարկերակային ճնշման եւ ինսուլինի հանդեպ ռեզիստենտության էական տարբերություններ պրոբիոտիկ եւ դատարկահաբ ընդունած պացիենտների խմբերի միջեւ։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ «պրոբիոտիկների ընդունումը արդյունավետ է նախադիաբետ ունեցող պացիենտների գլյուկոզայի եւ լիպիդների պրոֆիլների բարելավման համար, բայց էականորեն չի տարբերվում դատարկահաբից։ Դա նշանակում է, որ չնայած պրոբիոտիկները կարող են օգտակար լինել նախադիաբետի բուժման ժամանակ, անհրաժեշտ են հետագա հետազոտություններ, որպեսզի լիովին հասկացվեն դրանց արդյունքները եւ առավելությունները»։

Նախադիաբետը 2-րդ տեսակի դիաբետին նախորդող վիճակն է եւ կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, եթե չբուժվի։ Այս հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ պրոբիոտիկները կարող են արժեքավոր լրացում լինել կենսակերպի փոփոխության ծրագրերում։