Սոցցանցերը եւ նոր տեխնոլոգիաները հեշտացրել են երեխաների համար թմրանյութերի հասանելիությունը։ Այս մասին ապրիլի 19-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում «2022 թվականին Հայաստանի կառավարության (2021-2026թթ.) ծրագրի իրականացման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկման ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Սա, ըստ նրա, միայն առողջապահության ոլորտի խնդիր չէ.
«Միայն Առողջապահության նախարարությունը ի վիճակի չէ համաչափ քաղաքականություն մշակել եւ իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Վարչապետի հանձնարարականով՝ տեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Աշխատանքներ են տարվում թմրամիջոցների դեմ պայքարի ռազմավարության թարմացման ուղղությամբ»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարի տվյալներով, Հայաստանում գրանցվել է թմրամոլության խնդիրներով դիմումների եւ դրանց հայտնաբերման թվի աճ։
«Ակտիվորեն աշխատում ենք հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ։ Դպրոցական նստարանից երեխաներին պետք է ներկայացնեն թմրանյութերի օգտագործման կործանարար հետեւանքների մասին»,- շեշտեց կառավարության ներկայացուցիչը։






