Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները ներկայացրել են երկբաղադրիչ համակարգ, որը կարող է դադարեցնել վնասվածքի հետեւանքով առաջացած ներքին ուժեղ արյունահոսությունը։ Ամերիկացի գիտնականների հոդվածը հրապարակվել է Advanced Healthcare Materials-ում։
Հետազոտողների խոսքով՝ տեխնոլոգիան արհեստական թրոմբներ է առաջացնում վնասված տեղերում՝ նմանակելով օրգանիզմի բնական պաշտպանությունը։ Նրանք ստեղծել են համակարգ, որը թրոմբոցիտները եւ ֆիբրինոգենը՝ արյան մակարդման համար անհրաժեշտ հիմնական բաղադրիչները, փոխարինում է արհեստական մարմիններով։
Տեխնոլոգիայի ստեղծողները օգտագործել են կենսահամատեղելի պոլիմերից նանոմասնիկներ, որոնք համատեղելի են ակտիվացված թրոմբոցիտների հետ։ Այս մասնիկները ունեն 140-ից 220 նմ չափսեր եւ կուտակվում են վերքի հատվածներում՝ առանց առողջ օրգաններում թրոմբների առաջացման վտանգի, որտեղ այն կարող է մահացու լինել (օրինակ՝ թոքերում):
Որպես ուժեղ արյունահոսությունը դադարեցնելու տեխնոլոգիայի երկրորդ բաղադրիչ՝ գիտնականներն օգտագործել են պոլիէթիլենգլիկոլից պատրաստված այսպես կոչված «կարող գործակալներ», որոնք կարող են վնասված հատվածում գտնել անհրաժեշտ նանոմասնիկները՝ օգտագործելով հատուկ մարկերներ եւ ձեւավորել արհեստական թրոմբներ։
Գիտնականները գյուտը փորձարկել են լաբորատոր մկների վրա։ Փորձերը ցույց են տվել, որ նրանց ստեղծած համակարգը արդյունավետորեն դադարեցրել է կրծողների վերքերի ներքին արյունահոսությունը՝ առանց ալերգիկ ռեակցիա առաջացնելու։ Գիտնականները նաեւ նշել են, որ արհեստական թրոմբներն ավելի կայուն են եղել, քան բնականները, քանի որ դրանք չեն քայքայվել աղի լուծույթի ներարկման ժամանակ։






