Բրիտանացի գիտնականներն արհեստական բանականությունն օգտագործել են օնկոլոգիական հիվանդությունը վաղ փուլում բարձր ճշգրտությամբ ախտորոշելու համար։ Այս մասին տեղեկացրել է The Guardian-ը։
ԱԱ-ի նոր մոդելը կարող է ճիշտ որոշել, թե արդյոք անոմալ նորագոյացությունը քաղցկեղային է, նշվել է Lancet eBioMedicine ամսագրում հրապարակված հոդվածում։ Տեխնոլոգիան օգնել է բժիշկներին օպերատիվ կերպով պարզել հիվանդության առկայությունն ու սկսել բուժումը։
Տեխնոլոգիայի մշակմամբ զբաղվել են Մարսդեն թագավորական հիմնադրամի, Լոնդոնի քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի եւ Բրիտանիայի մայրաքաղաքի կայսերական քոլեջի մասնագետները։
Փորձի ընթացքում բժիշկներն օգտագործել են մոտ 500 պացիենտների համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, որոնց մոտ հայտնաբերվել են թոքերի նորագոյացություններ։ Պարզվել է, որ չարորակ ուռուցքների ախտորոշման ճշգրտությունը AUC մեթոդիկայով կազմել է 0,87, այն դեպքում, երբ 1 ցուցանիշը համարվում է կատարյալ, 0,5-ը վկայում է վրիպումների առկայության մասին։
Արհեստական բանականությունն օգնել է նաեւ պարզելու այն պացիենտներին, որոնք չարորակ ուռուցք ունենալու մեծ ռիսկի են ենթարկված։ 22-ից 18 դեպքերում ԱԱ-ն վաղ միջամտության խորհուրդ է տվել՝ նորագոյացությունները հետագայում հաստատվել են որպես չարորակ։
«Մենք հույս ունենք, որ ապագայում դա կբարելավի քաղցկեղի վաղ հայտնաբերումը եւ դրա բուժումն ավելի հաջող կդարձնի՝ բացահայտելով քաղցկեղ ունեցող հիվանդներին եւ արագացնելով անցումն ավելի վաղ միջամտությանը»,- ասել է տեխնոլոգիան մշակողներից մեկը՝ բժիշկ Բենջամին Հանթերը։ Գիտնականի խոսքով՝ նոր մոդելն առողջապահության բոլոր մակարդակներում օգտագործելու համար անհրաժեշտ են լրացուցիչ փորձեր։






