Ռուսաստանում հայտնաբերվել են տզային վիրուսային էնցեֆալիտով վարակման առաջին դեպքերը, հայտնում է Ռոսպոտրեբնադզորը։
«Տզերի խայթոցների հետ կապված բժշկական կազմակերպություններ է դիմել ավելի քան 21 700 մարդ։ Հայտնաբերվել են տզային վիրուսային էնցեֆալիտով վարակման առաջին դեպքերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ընթացիկ տարվա 17-րդ շաբաթվա դրությամբ տզերի խայթոցների գանգատներով բժշկական կազմակերպություններ է դիմել ավելի քան 21,7 հազար մարդ:
Գերատեսչությունում նշել են, որ այժմ երկրում պատվաստվել է գրեթե 1,73 միլիոն մարդ, ինչը 23 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (1,4 միլիոն մարդ): Ընդհանուր առմամբ, այս սեզոնին նախատեսվում է պատվաստել ավելի քան 3,48 միլիոն ռուսաստանցիների, պարզաբանել են գերատեսչությունից:
Ապրիլի սկզբին գերատեսչությունից հայտնել են, որ այս տարի, միջին տարեկան ցուցանիշների համեմատ, տզերի խայթոցների դեմ բողոքների թիվն աճել է 1,4 անգամ:
Տզի խայթոցից խուսափելու համար պետք է ընտրել հագուստ, որը հնարավորինս ծածկում է մարմնի մակերեսը, միատոն է, բաց գույնի․ դրա վրա ավելի հեշտ կլինի նկատել տիզը: Նաեւ մի պառկեք խոտի վրա։ Անտառից վերադառնալուց հետո պետք է իրականացվի մարմնի եւ հագուստի ամբողջական զննում: Ամենից հաճախ ներծծված տզերը կարելի է գտնել աճուկի շրջանում, թեւատակերում, ականջների հետեւում:
Եթե մարմնի վրա ներծծված տիզ եք գտնում, ապա այն հանելու համար պետք է դիմեք վնասվածքաբանական կետին: Եթե տիզը հաջողվել է ինքնուրույն հեռացնել, ապա այն խոնավ բամբակով պետք է տեղադրել տարայի մեջ։ Այս ձեւով նյութը կարող է փոխանցվել հավատարմագրված լաբորատորիա՝ ուսումնասիրություններ կատարելու համար:






