Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թարմացրել է կորոնավիրուսի դեմ պայքարի 2023-25թթ. ծրագիրը։ Փաստաթուղթը տեղադրվել է ԱՀԿ-ի պաշտոնական կայքում։ Նոր ռազմավարությունը նպատակ ունի «վերջ դնել COVID-19 համավարակի արտակարգ փուլին բոլոր երկրներում եւ արտակարգ իրավիճակների արձագանքումից անցնել կորոնավիրուսի կայուն համալիր կառավարման»։

Ռազմավարությունը բաղկացած է հինգ կետից.

  • ռիսկի խմբերի պատվաստումը՝ հիվանդության ծանր դեպքերի եւ մահը կանխելու համար։ ԱՀԿ-ի տվյալներով՝ աշխարհում պատվաստման ընդգրկումը կազմում է 66 տոկոս։ Պատվաստվել է բուժաշխատողների 89 եւ տարեցների 82 տոկոսը։ Բնակչության մեկ շնչի հաշվով ցածր եկամուտներ ունեցող երկրներում այդ թվերն էապես ցածր են՝ 52 եւ 35 տոկոս համապատասխանաբար,
  • վաղ ախտորոշում, բուժում եւ կլինիկական օգնություն, հատկապես ռիսկի խմբերում,
  • պատվաստման եւ COVID-19-ի բուժման ինտեգրում գոյություն ունեցող նախնական բժշկասանիտարական ծառայություններում,
  • առողջապահության աշխատողների եւ այլ առաջնահերթ խմբերի պաշտպանություն,
  • խիստ վերահսկողություն եւ մոնիթորինգ, կորոնավիրուսի արդեն հայտնի եւ ապագա տարբերակների, ռեսպիրատոր պաթոգենների հսկում։

ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով՝ կազմակերպությունը նաեւ խորհուրդ է տվել երկրներին հատուկ ուշադրություն դարձնել այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են հետքովիդային վիճակի հետ, որն առաջանում է COVID-19-ով հիվանդացած մարդկանց 6 տոկոսի դեպքում։ Անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ դրա բնույթը, ներառյալ ռիսկի գործոնները եւ իմունիտետի դերը, ինչպես նաեւ մշակել մեթոդներ դրա տեւողության ավելի ճիշտ քանակական գնահատման համար։ Երկրներին խորհուրդ է տրվել միջոցներ հատկացնել «այդ հաճախ հյուծող վիճակի բուժման համար»։

ԱՀԿ-ի գլխավոր տնօրենը նշել է, որ միջազգային հանրությունն ունի «հույսի հիմքեր», քանի որ ամեն շաբաթ աշխարհում գրանցվող մահերի թիվը COVID-19-ից համավարակի սկզբից ամենացածր մակարդակի վրա է։

Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում նա տեղեկացրել է, որ տասներորդ շաբաթն անընդմեջ COVID-19-ից մահերի թիվն աշխարհում մնում է 2020թ. մարտից նկատվող մակարդակին։

«Միեւնույն ժամանակ, մնում են որոշ լուրջ կասկածներ վիրուսի էվոլյուցիայի հարցում, ինչը դժվարացնում է դրա փոխանցման կամ սեզոնայնության ապագա դինամիկայի կանխատեսումը։ Վիրուսը ոչ մի տեղ չի անհետանալու, եւ բոլոր երկրները պետք է վարժվեն դրա գոյությանը՝ այլ վարակիչ հիվանդությունների կողքին»,- նշել է ԱՀԿ ղեկավարը։