Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է աշխարհում COVID-19 համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմի ավարտի մասին։ Այս մասին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը։
Նա հայտնել է, որ ԱՀԿ արտակարգ իրավիճակների փորձագետների կոմիտեն առաջարկել է չեղարկել COVID-19-ի՝ միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի կարգավիճակը։
«Ես հետեւեցի այդ խորհրդին եւ հայտարարեցի համավարակի դադարեցման մասին»,-ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:
Կորոնավիրուսի բռնկումն առաջին անգամ գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին։ 2020 թվականի հունվարի 30-ին ԱՀԿ-ն այդ բռնկումը հայտարարել է միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ, իսկ մարտի 11-ին՝ համավարակ:






