Դեմենցիան կամ ծերունական տկարամտությունը, որը խոցում է տարեց մարդկանց, նվազեցնում է կոգնիտիվ գործառույթները։ Արդյունքում՝ մարդկանց մոտ խախտվում է ոչ միայն պլանավորման եւ դատողությունների քննադատական գնահատման հնարավորությունը, այլեւ խիստ վատանում է հիշողությունը։ Այդ պատճառով տարեց մարդիկ կարող են մոռանալ, թե որտեղ են թողել առաջին անհրաժեշտության առարկաները, ներառյալ դեղերը, հեռախոսը կամ ակնոցը։ Կոգնիտիվ խախտումների պատճառով մարդիկ կարող են նաեւ չնկատել առարկան կամ օգտագործել որոնման անարդյունավետ ալգորիթմը։
Ալի Այուբն ու նրա գործընկերներն առաջարկել են գործընկեր-ռոբոտի ծրագրավորման մեթոդը, որը կկարողանա օգնել մարդկանց փնտրել եւ գտնել առարկաները։
Fetch ռոբոտը շրջապատող աշխարհն ընկալում է խցիկների օգնությամբ եւ ունի արհեստական բանականություն՝ լավ հիշողությամբ։ Ծրագրի հիմքում ընկած է կերպարների ճանաչման ալգորիթմը, որը թույլ է տալիս զանազանել մի առարկան մյուսից, եւ դրա օգնությամբ ռոբոտը դիտում է նկարահանված տեսանյութն ու փնտրում, թե որտեղ է իրը։ Գրաֆիկական ինտերֆեյսի օգնությամբ օգտատերերը կարող են ընտրել, թե որ առարկան են ցանկանում փնտրել։ Դրանից հետո ռոբոտը կարող է ցույց տալ, թե երբ եւ որտեղ է վերջին անգամ տեսել կոնկրետ օբյեկտը։
Մոտ ապագայում ռոբոտի հեղինակները նախատեսում են փորձարկումներ կատարել սկզբում առողջ կամավորականների, հետո դեմենցիա ունեցող մարդկանց մասնակցությամբ։






