Այս օրերին Հայաստանը գտնվում է մանկական ուռուցքաբանական քարտեզի վրա և միջազգային ուշադրության կենտրոնում է, որովհետև հայկական հարթակից են բարձրաձայնվելու նորարարությունները, գիտնականները ներկայացնելու են իրենց հայտնագործությունները և կիսվելու են իրենց փորձով։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը։

«Կոնգրեսին մասնակցում են 60-ից ավելի երկրներ, և այսօր արդեն մեծաթիվ աշխարհահռչակ բժիշկներ ու գիտնականներ Հայաստանում են և առավոտից աշխատանքները սկսվել են։ Վաղը բացումը կլինի և ավելի մեծ թափով կկարողանանք ներկայանալ։ Այս ընթացքում մենք ոչ միայն ներկայանալու ենք հայ բժշկական հանրությանը, այլև դա ամբողջ աշխարհն է տեսնելու»,- նշեց Թամամյանը։

Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն Սամվել Դանիելյանի խոսքով՝  աննախադեպ ներկայացուցչկական կազմով աշխարհի բոլոր մեծ հիվանդանոցների, համալսարանների ամենահանրահայտ մարդիկ են հավաքվել Հայաստանում․ «Մեզ համար մեծ պատիվ է, որ կարողացել ենք այդ մարդկանց բերել Հայաստան։ Նախորդ տարիներին կոնգրեսն անցկացվել է Հնդկաստանում, Չինաստանում և հաջորդ տարի պիտի անցկացվի Ճապոնիայում։ Այս երկրների շարքում Հայաստանը, կարծում եմ, մեծ պատիվ է, որ հյուրընկալել է մեծանուններին։ Փոխադարձ գիտելիքներ պետք է փոխանակենք, որպեսզի կարողանանք ճշգրտել մեր ուղենիշները, բացահայտել սխալները, կանխարգելել, սովորել նրանցից, մեր տվյալներն ու արդյունավետությունը ցույց տանք։ Այսինքն, կոնգրեսն ավելի աշխատանքային է և քննարկվելու են կիրառական բժշկությանն առնչվող հարցեր»։ 

Մանկական առողջությունը, մանկական ուռուցքաբանությունը կառավարության ուշադրության էպիկենտրոնում է, նշեց Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը․ «Միջոցառումը մեզ համար շատ կարևոր է։ Հայտնվել ենք ոլորտի առաջատար երկրների ցանկում և դա մեծ պատիվ է մեր երկրի ու ոլորտի համար։ Մանկական առողջությունը, մանկական ուռուցքաբանությունը կառավարության ուշադրության էպիկենտրոնում է, և մենք տարեցտարի ավելի ու ավելի ենք ընդլայնում պետպատվերի շրջանակներում տրամադրվող ծառայությունները, և փոփոխություններ անում կառավարության որոշումներում, որպեսզի մեր երեխաները ճիշտ ժամանակին ստանան իրենց դեղերը»։ 

Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի բացումը տեղի կունենա մայիսի 19-ին Երևանի պետական Բժշկական համալսարանում։ Համաժողովը մինչև մայիսի 21-ը հյուրընկալելու է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների, ովքեր հանդես են գալու զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։ Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին։

Կոնգրեսի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին և դրանց ժամանակացույցին կարող եք ծանոթանալ կայքում (https://www.siopasia2023.am/):