Հայաստանում տարեկան մանկական քաղցկեցի 100 դեպք է գրանցում: Մեր երկրում քաղցկեղով հիվանդ երեխաների 75 տոկոսն ունեն առողջացման հնարավորություն։ Դա բավական մոտ է զարգացած երկրների տվյալներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին, Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական 15-րդ համաժողովի (SIOP Asia 2023 XV Congress) մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը։

Նրա խոսքով, Ավստրիայում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում այդ թիվը մոտենում է 85 տոկոսի, իսկ զարգացող երկրներում այդ ցուցանիշը 0-65 տոկոսի շրջանակներում է տատանվում։ «Այսինքն մենք՝ մեր տվյալներով, լինելով զարգացող երկիր, բավականին մոտ ենք զարգացած երկրներին, սակայն դեռեւս շատ անելիքներ ունենք նրանց հասնելու համար», – ասաց նա։

Թամամյանն անդրադարձավ վերջին տարիներին ոլորտում Հայաստանի գրանցած հաջողություներին եւ իրականացված աշխատանքներին․ «Այս տարի մենք ստեղծում ենք 4-5 նոր ծառայություն, մասնավորապես, այսօր Երեւանում սկսեց գործել քաղցկեղը վերապրողների կլինիկան։ Այսինքն, հազարավոր բուժված երեխաները, որոնք պետք է անընդհատ հսկողություն անցնեն հնարավոր ռիսկերը վաղ կանխարգելելու համար, նման ծառայություններ կստանան Արյունաբանական կենտրոնում։ Տավուշի մարզում՝ Գետահովիտ համայնքում վերջերս բացվեց քաղցկեղը վերապրածների վերականգնողական հոգեւոր կենտրոնը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի նախաձեռնությամբ, եւ այսօր այնտեղ տեղի է ունենում Քաղցկեղը վերապրածների սիմպոզիում։

Ստեղծման փուլում է Քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան, ստեղծվելու է նաեւ Մանկական իմունաբանության կլինիկա, Երիտասարդների եւ պատանիների կլինիկական ծրագիր։ Մոտ ժամանակներում նախատեսվում է նաեւ իրականացնել լեյկեմիաների ալոգեն փոխպատվաստում, մեզ մոտ այս նպատակով երեխաներ են գալիս նաեւ արտերկրից» – ասաց նա։

Ըստ Գեւորգ Թամամյանի, երկու օր առաջ եվրոպական եւ կենտրոնասիական կլինիկաների ներկայացուցիչներն այցելեցին Արյունաբանական կենտրոն  եւ ծանոթացան թիմի հետ։ «Արդեն իսկ բազմաթիվ երկրներ ցանկություն են հայտնել մեզ հետ ծրագիր սկսել եւ այն երկրները, որտեղ փոխպատվաստում եւ այլ միջամտություններ չեն իրականացվում, իրենց բուժառուներին կուղարկեն մեզ մոտ։ Աշխատում ենք բացերը լրացնելու ուղղությամբ, որ բացառենք դեպքերը, որ լինեն միջամտություններ, որոնք Հայաստանում չեն արվում», – ասաց բժիշկը։

Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի  տնօրեն Սամվել Դանիելյանը նշեց, որ Արյունաբանության եւ ուռուցքաբանության կլինիկաներն այնպիսի ամսագրերում են իրենց աշխատանքները տպագրում, որ ամենամեծ կլինիկաներին էլ պատիվ կբերի ․ «Այս ամենը մեր տարիների աշխատանքի արդյունքն է։ Երիտասարդները նախկինում արյունաբանությունն ընդունում էին որպես ոչ էլիտար մասնագիտություն եւ նախընտրում էին բժշկության այլ ճյուղերը։ Հիմա յուրաքանչյուր ամբիոնի վարիչ կարող է փաստել, որ մենք ենք մերժում դիմորդներին եւ հպարտորեն կարող ենք մրցունակ լինելու խնդիր դնել նորավարտ բժիշկների առաջ»։

Մասնագետներն անդրադարձան նաեւ արտերկրում բուժում ստանալու անհրաժեշտությանը եւ խորհուրդ տվեցին այդ հարցով լսել միայն կոմպետենտ մասնագետների կարծիքը․ «6-7 տարի առաջվա տվյալներով տարեկան գրանցվում էր քաղցկեղի 60-70 դեպք։ Վերջին տարիներին դեպքերի թիվը 100-ին մոտ է։ Դա չի նշանակում, որ դեպքերը շատացել են, այլ որ հիվանդները մնացել եւ Հայաստանում են բուժում ստացել։ Ամենակարեւորն այն է, որ պացիենտները չլսեն ոչ կոմպետենտ մարդկանց․ նույնիսկ եթե դա իրենց բժիշկն է, սակայն մանկական ուռուցքաբան չէ, նա չի կարող կոմպետենտ խորհուրդ տալ տվյալ բնագավառից։ Երբ արտերկրում բուժման կարիք է լինում, առաջինը մենք ենք շահագրգռված լինում բուժառուին օգնելու հարցում։ Շատերը ձգտում են Գերմանիայիում բուժում ստանալ, սակայն եվրոպական ամենահայտնի կլինիկաներից գերմանական Շաիտե կլինիկայի ղեկավարը համայցի ընթացքում նման մտքեր ունեցող պացիենտներին ասաց՝ դուք ամեն ինչ այստեղ ունեք, գնում եք՝ ի՞նչ անեք։ Այսպիսով, երբ որոշ մարդիկ պացիենտներին ուղղորդում են այստեղ կամ այնտեղ, դրանով վնաս են տալիս, որովհետեւ ուռուցքաբանության մեջ ամենակարեւորը ժամանակն է», – ասաց Գեւորգ Թամամյանը։