Այս օրը օրացույցում կարող ենք նշել որպես Հայաստանում պտղի բժշկության ծննդյան օր։ Այս մասին «Հղիության առաջին եւ երկրորդ եռամսյակների ՈւՁՀ ժամանակակից մոտեցումները» գիտագործնական սեմինարի ժամանակ ասաց Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձության, գինեկոլոգիայի եւ մարդու վերարտադրողականության ամբիոնի վարիչ, Պտղաբերության կենտրոնի տնօրեն Էդուարդ Համբարձումյանը։

«Դա չի նշանակում, որ մենք մինչեւ հիմա պտղի բժշկությամբ չենք զբաղվել, եւ նման մասնագետներ չունենք։ Այսօր այս ոլորտի ծննդյան օրն է, քանի որ Հայաստանում մեկնարկել է Պտղի բժշկության հիմնադրամի հետ համատեղ ծրագիրը»,-ասաց նա։

Էդուարդ Համբարձումյանը հավելեց, որ այս ծրագիրն ուղղված է նրան, որ պտղի բժշկության մասնագետներ լինեն ոչ միայն Երեւանի մի քանի առաջատար կենտրոններում, այլեւ՝ հանրապետության բոլոր մարզերում:

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը հայտնեց, որ այս ծրագրի շրջանակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը կբացվի Պտղի բժշկության կենտրոն: Նա նաեւ խոստացավ, որ պրենատալ ախտորոշման նոր մոտեցումները կներդրվեն հանրապետության բոլոր մարզերում պետպատվերի շրջանակում, միաժամանակ մարզային բժշկական կենտրոնները կհամալրվեն դրա համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներով:

Նա Պտղի բժշկության հիմնադրամի սեմինարավարներին խնդրեց բժշկության ոլորտում այս ուղղության հիմնադիր, Մեծ Բրիտանիայից պրոֆեսոր Կիպրոս Նիկոլաիդիսին փոխանցել, որ Հայաստանում իրեն անհամբեր սպասում են հաջորդ սեմինարին, որը կկայանա աշնանը։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Էդուարդ Համբարձումյանը պատմեց, որ Հայաստանում մեկնարկած Պտղի բժշկության ծրագիրը Հունաստանի արտաքին գործերի նախարարության, Պտղի բժշկության հիմնադրամի եւ Հայաստանի առողջապահության նախարարության համատեղ ծրագիրն է: Այս ուղղության եւ հիմնդրամի հիմնադիրը Կիպրոս Նիկոլաիդիսն է, որն այս սեմինարին մասնակցում է հեռակա կարգով։ Հենց նա է Հայաստանում այդ ծրագրի ներդրման նախաձեռնողը։ 

«Սա եզակի հնարավորություն է մեզ համար։ Սա այն հազվագյուտ դեպքերից է, երբ խոսքը ամբողջական ոլորտի զարգացման մասին է, այլ ոչ թե մի քանի մասնագետների վերապատրաստման: Ծրագրի նախաձեռնողները նպատակ են դրել, որպեսզի պտղի բժշկության մասնագետները լինեն Հայաստանի բոլոր մարզերում: Սա ֆանտաստիկ ծրագիր է, որը կբարձրացնի ոլորտի որակն ու մակարդակը»,- վստահեցրեց նա։

Էդուարդ Համբարձումյանը պարզաբանեց, որ դրանով է բացատրվում սեմինարի կառուցվածքը. առաջին օրը՝ մայիսի 20-ին, տեսական մասն է, երկրորդ օրը՝ մայիսի 21-ին, գործնական պարապմունքները «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը, որտեղ արդեն տեղադրվել են չորս նորագույն ուլտրաձայնային սարքեր, որոնցից երկուսը՝ 400 հազար եվրո արժողությամբ, նվեր են ստացել Պտղի բժշկության հիմնադրամից։

Սեմինարի մասնակիցները, նրա խոսքով, իրենց գործին նվիրված մասնագետներ են Հայաստանի բոլոր մարզերից, որոնց Երեւան են գործուղել մարզպետարանները եւ մարզային բուժկենտրոնների ղեկավարները: Դասընթացից հետո նրանք բոլորը կթեստավորվենհիմնադրամի մասնագետների կողմից, կգնահատվի ստացած գիտելիքների որակը, եւ տեղի կունենա մասնագետների մանրակրկիտ ընտրություն մարզերում աշխատելու համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Առողջապահության ազգային ինստիտուտի եւ Պտղի բժշկության հիմնադրամի համատեղ ջանքերով: 

Ի՞նչ է Պտղի բժշկությունը

  • Առաջին հերթին, ինչպես պարզաբանեց Էդուարդ Համբարձումյանը, դա պրենատալ ախտորոշումն է ծանր պաթոլոգիաներով երեխաների ծնունդը կանխելու համար: Դրա համար անհրաժեշտ են շատ «նուրբ» սարքեր եւ շատ լավ ախտորոշողներ, որոնք պետք է վերապատրաստվեն։
  • Երկրորդ հերթին, աշխարհում արդեն կիրառվում են ներարգանդային վիրաբուժության մեթոդները։ Օրինակ՝ երկվորյակների մոտ պատահում է ֆետոֆետալ տրանսֆուզիա, երբ արյունն անհամաչափորեն հոսում է ընդհանուր ընկերքի շարակցական անոթների միջով՝ մի պտղից մյուսը, եւ պտուղներից մեկը մահանում է: Կիպրոս Նիկոլաիդիսն առաջարկել է տվյալ անոմալիայի բուժման վիրաբուժական մեթոդ, որն արդեն կիրառվում է աշխարհի բազմաթիվ կենտրոններում, եւ նախատեսվում է այն ներդնել նաեւ Հայաստանում։

Պտղի բժշկության հիմնադրամի ներկայացուցիչներ Անաստասիա Արեխվոն եւ Մարիամ Տեժաեւան սեմինարի մասնակիցներին պատմեցին, թե ինչպես ճիշտ իրականացնել հղի կնոջ ուլտրաձայնային ախտորոշումը՝ պտղի անոմալիաները հայտնաբերելու համար: Մասնավորապես, ցույց է տրվել, թե ինչ անոմալիաներ (տրիսոմիաներ, վերջույթների, նյարդային խողովակի, սրտի զարգացման արատներ եւ այլն), եւ ինչ ճշգրտությամբ կարելի է ախտորոշել ուլտրաձայնային հետազոտության միջոցով հղիության առաջին եւ երկրորդ եռամսյակների ընթացքում։

 

348420684_1502172460592063_803936924718512824_n.jpg (57 KB)