Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր իրականացվեց ցողունային բջիջների 40-րդ հավաքագրումը: Ամերիկայի Միացյալ Նահանգներում բուժվող հայ հիվանդի փրկության վերջին հույսը ցողունային բջիջների փոխպատվաստումն էր համատեղելի դոնորից։ Համատեղելի դոնորը Հայաստանում բնակվող նրա քույրն է։

Նա անցավ բջիջների հավաքագրմանը նախորդող ամբողջ նախապատրաստական փուլը և, այսօր, կրտսեր եղբորը նվիրաբերեց իր դոնորական ցողունային բջիջները։ Բջիջները ժամեր անց լիցենզավորված միջազգային փոխադրողի ուղեկցությամբ կլինեն ԱՄՆ, որտեղ կիրականացվի փոխպատվաստումը։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին: Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  33.500 դոնոր, ռեեստր դիմած 5867 հիվանդի հետ նախնական համընկնող 5816 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 40-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

11111111.jpg (87 KB)