Չի կարելի բացառել COVID նոր՝ ավելի վտանգավոր, քան նախորդը, համավարակի սպառնալիքը։ Այս մասին Ժնեւում, ԱՀԿ ամենամյա վեհաժողովում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։

«[COVID]-ի մեկ այլ տեսակի առաջացման սպառնալիքը, որը կարող է հանգեցնել հիվանդության ու մահացության նոր բռնկումների, շարունակում է պահպանվել։ Մնում է նաեւ նոր՝ էլ ավելի մահացու պոտենցիալ ունեցող պաթոգենի առաջացման սպառնալիքը»,- նշել է կազմակերպության գլխավոր տնօրենը։

Թեդրոս Գեբրեյեսուսը նաեւ ամբողջ աշխարհին կոչ է արել պատրաստ լինել ապագայում հավաքական հակահարված տալու սպառնալիքին։

Մայիսի 5-ին ԱՀԿ-ն հայտարարել էր համաշխարհային առողջապահության մեջ արտակարգ իրավիճակի ավարտի մասին, որը պայմանավորված էր COVID-19 վիրսուի տարածման հետ։ Նրա խոսքով՝ կորոնավիրուսի պատճառով ամբողջ աշխարհում մահացել է առնվազն 20 մլն մարդ։