Նեոնատալ բժշկության մեջ ավելի քան 18 տարվա փորձ ունեցող ամերիկացի Էրին Մանգրը Հայաստանի երրորդ կարգի ծննդատների եւ մանկական հիվանդանոցների բուժքույրների հետ կիսվում է իր փորձով՝ մանեկենների վրա ցույց տալով, թե ինչպես պետք է նորածիններին կատարել տարբեր միջամտություններ։
«Ես շատ տպավորված եմ նրանց գիտելիքով։ Այն փորձով, որ նրանք ունեն։ Նրանք շատ ավելի համապարփակ գիտելիք ունեն, քան ես մտածում էի, ես կարծում եմ, որ դրա մեծ մասը վերջին մի քանի տարիների զարգացումից է եւ այստեղ բուժքույրերի սպասելիքները շատ փոխվեցին», - ասում է Էրին Մանգրը։
Ծրագրի այս փուլին հասնելու համար շուրջ երկու տարի աշխատել են «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամը, Նեոնատալ բժշկության հայկական ասոցիացիան եւ Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը։
«Մեր փորձագետների համառ եւ երկարատեւ աշխատանքն իր արդյունքը տվեց։ Մենք օգտագործեցինք որպես հիմք ամերիկյան նեոնատալ ասոցիացայի պրոտոկոլները եւ մեր աշխատանքը նվիրված է այն բանին, որ այդ պրոտոկոլներն ադապտացվեն, թարգմանվեն եւ հայաստանյան իրականությանը համապատասխանեն, եւ արդյունքում մենք ունենք 30-ից ավելի պրոտոկոլներ», – ասում է Հայկական ակնաբուժության նախագիծ» հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանը։
Ստացված ընթացակարգերն արդեն կիրառելու են Հայաստանի 3–րդ կարգի ծննդատներում։
«Ուղեցույցներ մինչեւ այժմ ստեղծված չեն եղել։ Այս ուղեցույցները հնարավորություն կտան այդ ուղեցույցները ներդնել բժշկական կենտրոնում եւ շարունակական ծրագրի նման թույլ տան, որ բուժքույրներն օգտվեն այդ ծրագրից», – ասում է Մոր եւ մանկան առողջեւթյան պահպանման գիտական կենտրոնի ը։նորածնային բաժանմունքի վարիչ Անաիդա Ասատրյան
Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ Սերինե Մելիքսեթյանի խոսքով, «շատ մեծ տարբերություն է, երբ քույրը մեխանիկական աշխատանք է կատարում առանց հասկանալու, թե ինչ եւ անում, եւ երբ իր պրակտիկ գործունեությունը, միջամտությունը բացատրվում է, եւ ինքն էլ կարող է մյուսներին ճիշտ գիտելիք փոխանցել, թե ինչու է պետք այդպես անել»։
«Մուրացան» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի նորածնային բուժքույր Սուսաննա Գաբրիելյանը մասնակից հարյուր բուժքույրերից է։ Նա նշում է՝ մինչեւ սա էլ իրենք գործել են նույն համակարգով, սակայն այս դասընթացն ավելի պրակտիկ դարձրեց գիտելիքները եւ փորձի փոխանակման հնարավորություն տվեց։
«Ավելի ամրացրեց, եւ շատ լավ է, որ բուժքույրները եկել էին տարբեր կենտրոններից, դա շատ մեծ նշանակություն ունի, որ բոլորը լսեցին ու իրենք էլ կաշխատեն նույն աշխատելաոճով», – ասում է նա։
Ծրագրի հաջորդ քայլը մարզերում աշխատող նեոնատալ բուժքույրերին ընթացակարգերի հմտություններին ծանոթացնելն է։





