Շուտով Հայաստանում օրենսդրորեն կամրապնդվի եղջերաթաղանթի դոնորությունը, ինչը մեր պացիենտների համար հասանելի կդարձնի եղջերաթաղանթի փոխպատվաստումը։ Այս մասին մայիսի 26-ին V Հայկական միջազգային ակնաբուժական համաժողովում հայտարարել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա տեղեկացրել է, որ ընթանում է Հայաստանում աչքի բանկի ստեղծման պատրաստությունը։
Նախարարը նշել է, որ Հայաստանում ակնաբուժությունը հագեցածության եւ զարգացման մակարդակով չի զիջում զարգացած երկրներին, վերջին տարիներին ծառայությունը հասանելի է դարձել Հայաստանի բոլոր մարզերում, ինչը աչքի տարբեր հիվանդությունների կանխարգելման, վաղ ախտորոշման եւ հաջող բուժման հնարավորություն է տալիս։
Հայաստանի առողջապահության նախարարության ակնաբուժության գծով խորհրդական, Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտի աչքի հիվանդությունների ամբիոնի վարիչ, AIOC-ի կազմակերպիչ, պրոֆեսոր Արտաշես Զիլֆյանը տեղեկացրել է, որ սա թվով հինգերորդ միջազգային ակնաբուժական համաժողովն է Հայաստանում, եւ այն աննախադեպ է իր մասշտաբներով։
Համաժողովը տեւելու է չորս օր եւ անցկացվելու է տարբեր սեկցիաներում, որոնց ընթացքում ոլորտի առաջատար մասնագետներն աշխարհի տարբեր երկրներից կներկայացնեն զեկուցումներ ակնաբուժության նորագույն միտումների մասին։ Հատուկ ուշադրություն կհատկացվի երիտասարդ բժիշկների եւ ուսանողների, ինչպես նաեւ միջին բուժանձնակազմի մասնակցությանը։
Մասնավորապես, Հայաստանում առաջին անգամ այս համաժողովի շրջանակում, «Շենգավիթ» բուժկենտրոնում մայիսի 29-ին տեղի կունենա գործնական սեմինար երիտասարդ մասնագետների համար՝ Wet Lab, որի ընթացքում նրանք կյուրացնեն աչքի միկրովիրաբուժության հիմքերը՝ մարզվելով խոզերի աչքերի վրա։ Ակնաբուժական բուժքույրերի համար հատուկ պարապմունքներ կկայանան նույն օրը Առողջապահության ազգային ինստիտուտում, եւ այդ նստաշրջանին մասնակցելու համար բուժաշխատողները կստանան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) առանձին կրեդիտներ։ Համաժողովի ընթացքում, ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է Արտաշես Զիլֆյանը, մասնակիցները կարող են հավաքել ավելի քան 30 ՇՄԶ։
Վրաստանի ակնաբուժական ընկերության նախագահ, պրոֆեսոր Զազա Խոտենաշվիլին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ վրացի ակնաբույժները համագործակցում են հայ գործընկերների եւ, մասնավորապես, Արտաշես Զիլֆյանի հետ արդեն ավելի քան 15 տարի։ Նա ավելացրել է, որ ակնաբուժությունն ամբողջ աշխարհում արագ զարգացող ճյուղ է բժշկությունում, եւ գոհունակությամբ ավելացրել է, որ համաշխարհային նորույթները շատ արագ ներդրվում են ե՛ւ Վրաստանում, ե՛ւ Հայաստանում։ Ինքը՝ Խոտենաշվիլին, զբաղվում է մանկական ակնաբուժությամբ եւ կարծում է, որ երեխաների հետ աշխատելը թեեւ դժվար, բայց շատ ավելի հետաքրքիր է, քան մեծահասակների։ Նրա զեկուցումը նվիրված է լինելու մանկական ակնաբուժության առանձնահատկություններին, աչքի մանկական պաթոլոգիաների վաղ ախտորոշմանն ու բուժմանը։
V հայկական միջազգային ակնաբուժական համաժողովը՝ AIOC V-ը, ընթանում է Երեւանում, այն սկսվել է այսօր՝ մայիսի 26-ին եւ տեւելու է մինչեւ մայիսի 29-ը։ Մասնակցում են 500 ակնաբույժներ Հայաստանից, դասախոսություններ կկարդան ճանաչված մասնագետներ ԱՄՆ-ից, Եվրոպայի, Ասիայի եւ ԱՊՀ երկրներից։






