Հայկական դեղարտադրությունը մի շարք ձեռքբերումներ ունի, բայց ոլորտի առջեւ նաեւ մի շարք մարտահրավերներ են կանգնած, ընդ որում, ոչ միայն արտաքին, այլեւ՝ ներքին։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր՝սեպտեմբերի 26–ին մեկնարկած «Ֆարմա Արմենիա 2014» Դեղագործության մրցունակության 6-րդ միջազգային  համաժողովի շրջանակում Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների միության (ԴԱՆ) նախագահ Սամվել Զաքարյանն է նշել։

Նվաճումների շարքում նա GMP սերտիֆիկատի ստացումն ու բավականին կարգավորված օրենսդրական դաշտը, ինչպես նաեւ ոլորտի կայուն աճն է առանձնացրել. Սամվել Զաքարյանի տվյալներով, 2013 թվականին ակտիվության՝ 29 տոկոս եւ արտահանման՝ 27 տոկոս աճ է գրանցվել։ Մարտահրավերների թվում ԴԱՆ նախագահը օրենսդրական «անսպասելի փոփոխությունները», մասնավորապես՝ դրոշմակնիքավորման հարցը եւ պետական գնումների գործընթացն է նշել. վերջին դեպքում տեղական արտադրողները, որպես կանոն, դուրս են մնում մրցույթներից եւ ոչ մի կերպ չեն խրախուսվում։

«Հայկական արտադրության դեղեր գնեք, դրանք որակով դրսից ներմուծվածներին ոչնչով չեն զիջում», – ագգաբնակչությանն ուղղված կոչ է հղել ԴԱՆ նախագահը։

Բացման խոսքում Սամվել Զաքարյանը նշել է, որ «Հայաստանի դեղագործության մրցունակության միջազգային ամենամյա հանձաժողովները եւ վերջիններիս շրջանակում անցկացվող «Ֆարմա Արմենիա» դեղագործական կոնֆերանսներն ու «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսները դարձել են այն հարթակը, որտեղ դեղագործության ոլորտի զարգացմանը տանող գաղափարներ են գեներացվում. նաեւ դրանց իրագործման շնորհիվ է, որ հայրենական դեղարտադրության ծավալները վերջին մի քանի տարիներին աճում են 20-25 տոկոսով, եւ ոլորտի միջազգային չափանիշներին համահունչ կանոնակարգման մակարդակը եւ զարգացման կայունությունն արդեն այն մասին են վկայում, որ հասունացել է «Հայկական դեղագործական բրենդ» ձեւավորելու եւ այն միջազգային շուկաներում ճանաչելի դարձնելու ժամանակը»։

Համաժողովի ընթացքում մասնակիցները Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, դեղագործական շուկայի զարգացման հեռանկարները, ՀՀ կառավարության նախաձեռնած նոր ծրագրերը եւ բարեփոխումները, ինչպես նաեւ դեղագործության միջազգային ասպարեզում արձանագրված վերջին ձեռքբերումները, զարգացումներն ու նորարական մոտեցումներն են ներկայացնում։ Միջոցառման կազմակերպիչների համոզմամբ, համաժողովի մասնակիցներին հավանական գործընկերների հետ համագործակցության եւ նոր շուկաներ մուտք գործելու հեռանկարները քննարկելու բացառիկ հնարավորություն է ընձեռնվել։

Միջոցառմանը Երեւանի եւ ՀՀ մարզերի ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական եւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների ղեկավարներ, աշխատակիցներ, գիտնականներ եւ փորձագետներ են մասնակցում։

Գիտաժողովին զուգահեռ «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսն է ընթանում, որը տեղական եւ օտարերկրյա դեղագործական ընկերությունների արտադրանքին եւ վերջին ձեռքբերումներին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ընձեռում։

[gallery id=35]

Հիշեցնենք, որ գիտաժողովն իր աշխատանքները նաեւ վաղը՝ սեպտեմբերի 27–ին, Հայ–ռուսական Սլավոնական Համալսարանում կշարունակի։

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի