Հնդկաստանի, Սինգապուրի եւ Չինաստանի պես երկրներում առանց ակնոցի երեխա եւ մեծահասակ գրեթե չեք տեսնի։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լատվիայի համալսարանի պրոֆեսոր, ակնաբույժ Իգոր Սալամատինը՝ խոսելով այն մասին, թե տեսողական որ խնդիրներն են առավել հրատապ այսօր աշխարհում։
Նրա խոսքով՝ կարճատեսությունը շատ տարածված է այդ երկրներում, նախ՝ գենետիկ գործոնների, երկրորդ՝ տեղեկության ավելի մեծ հոսքի յուրացման եւ գրքերի, գաջեթների, համակարգիչների միջոցով գիտելիքներ ստանալու անհրաժեշտության հետ կապված։ «Եվ այդ ամենը միասին հանգեցնում է կարճատես մարդկանց այդպիսի մեծ քանակության, որովհետեւ մեր օրգանիզմը, երբ մենք շատ ենք աշխատում մոտիկից տեսնելու համար, սկսում է կոմպենսատորային կարգով մեծացնել ակնախնձորի երկարությունը, իսկ աչքի երկարության ավելացումը կարճատեսության տանող ուղիղ ճանապարհն է։ Ուստի, Չինաստանում, օրինակ, դպրոց մտնելով, կտեսնեք երեխաների երկար-երկար հերթեր եւ բուժքրոջ, որը երեխաների աչքերի մեջ կաթեցնում է ցածր խտության ատրոպինի լուծույթ, որպեսզի կարճատեսություն չառաջանա։ Եվ այս պատկերը շուտով, ամենայն հավանականությամբ, բնորոշ կլինի ամբողջ աշխարհին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Եվրոպայում ցածր խտության ատրոպինը թույլատրված է կիրառման համար, բայց առայժմ օգտագործվում է ոչ զանգվածային մասշտաբներով։ «Բայց մենք արդեն կանգած ենք դրա շեմին»,- ասել է մասնագետը։
Իգոր Սալամատինը մասնակցում է V հայկական ակնաբուժական համաժողովին, որը տեղի է ունենում Երեւանում մայիսի 26-29-ին։ Նրա երկու զեկուցումները նվիրված են Եվրոպայում եւ Լատվիայում առողջապահության եւ ակնաբուժական ծառայության կաազմակերպմանը, իսկ երրորդ զեկուցումը՝ պրեսբիոպիայի (տարիքային հեռատեսություն) հարցերին եւ տարիքային տեսողության շտկմանը։
Աչքի տարիքային փոփոխությունները, նրա խոսքով, եւս մեկ լուրջ խնդիր են առողջապահության եւ սոցիալական ոլորտի համար։ 2030թ. աշխարհում կլինի 1 մլրդ 110 մլն մարդ, որոնք մոտիկը տեսնելու համար ակնոցի կարիք կունենան։
«Եթե խոսենք ակնաբուժության խնդիրների մասին այսօր, առաջին հերթին, տարիքային խնդիրներն են։ Դա կապված է այն բանի հետ, որ տարիքային ցենզն ամբողջ աշխարհում ավելացել է, մարդիկ սկսել են ավելի երկար ապրել, տնտեսությունը դարձել է ավելի հարուստ, չնայած ճգնաժամերին, եւ առաջ են գալիս խնդիրներ, որոնք առաջ չկային, այդ թվում կապված ցանցաթաղանթի տարիքային խնդիրների հետ, երբ բուժման անհրաժեշտություն կա։ Երբ մարդը թոշակի է անցնում, ինչ է նրան մնում անելու՝ կարդալ, աշխատել համակարգչով, տեղեկություն ստանալ, ապրել որոշակի միջավայրում, իսկ եթե կա տեսողական խնդիր, ապա այդ ամենը դժվար է անել, ուստի դրա դեմ պետք է պայքարել»,- ասել է նա։
Ակնաբույժի խոսքով՝ տեսողական տարիքային խնդիրները կապված են օրգանիզմի ընդհանուր վիճակի հետ՝ աթերոսկլերոզ, կարդիովասկուլյար պաթոլոգիաներ, նյարդային համակարգի խնդիրներ, քրոնիկական հիվանդություններ, դիաբետ. այս ամենը շատ հաճախ ուղեկցում է աչքի պաթոլոգիային։ Եվ դրա հետ միասին առաջ են գալիս աչքի պաթոլոգիաների բուժման տարբեր մեթոդներ։






