Առողջապահական բնագավառի խնդիրները կարծես թե ավելի ու ավելի են շատանում. «Դեղատներ ջաններտ յուղեք», իր ֆեյսբուքյան էջում գրել է Անկախ Դեղատների Ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանը։

Ասոցիացիան հայտնում է, որ ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունվել է «Լիցենզավորման մասին»  ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրենքը, որը ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո, բոլոր Առողջապահական բնագավառի լիցենզավորված կազմակերպությունները (դեղատուն, ատամնաբուժարան, հիվանդանոց և այլն), որոնք ունեն ԱՆԺԱՄԿԵՏ տրված լիցենզիաներ, ենթակա են ՆՈՐ լիցենզավորման, 5 տարի ժամկետով:

Այսինքն, առողջապահական բնագավառի, այդ թվում Դեղատների անժամկետ լիցենզիաները դառնում են 5 տարի ժամկետով, ինչպես նաև, բոլոր լիցենզավորված կազմակերպությունները և անհատ ձեռներեցները  պետք է, ըստ նոր օրենսդրության և սահմանաված ժամանակացույցի նորից լիցենզավորվեն, նշվում է Ասոցիացիայի գրառման մեջ։

Ավելի վաղ թեմային իր ֆեյսբուքում անդրադարձել էր նաեւ «Առողջության իրավունք» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը, եւ մի քանի հարցադրում արել.

«Փոփոխությունը հիմնավորվում է նրանով, որ դրանով կանխվում է հնացած, ոչ արդիական սարքավորումների կիրառումը, առանց համապատասխան վերապատրաստման առկայության մասնագետների աշխատանքը: Ստացվում է, որ 5 տարին մեկ առողջապահության նախարարության կողմից պահանջ է դրվելու միջազգային փորձին համահունչ տեխնոլոգիական լուծումների: Իսկ հիմա կարևոր հարցադրումներ.

Բուժհիմնարկների և դեղատների լիցենզավորման պահանջների և պայմանների վերահսկողությունը կատարում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, այսինքն՝ այս կառույցի անգործության պանճառո՞վ է տնտեսվարողը «պատժվում» 5 տարին մեկ լիցենզավորվելու:

Բուժհիմնարկների բժշկական սարքավորումների հանդեպ ներկայացվող տեխնիկական պահանջների անհասկանալի փոփոխությունները բերելու են ուղղորդված մոտեցման: Ու՞մ բիզնեսի զարգացմանն է սա ուղղված:

 Եթե 5 տարին մեկ բուժհիմնարկները և դեղատները լիցենզավորվում են մասնագիտական հագեցվածության պահանջների պահպանման համար, ինչու՞ 2022 թվականից առ այսօր բժիշկները, բուժքույրերը, դեղագետները և դեղագործները «վազում» են հավաստագիր հանելու համար, ծախսում ժամանակ և գումար, նաև բժիշկների համար 2026 թվականից գործելու է անձի լիցենզավորումը:

Գուցե սկզբից վերանայվե՞ր կառավարության 2002 թվականի 867 Ն որոշումը և պահանջների ցանկից հանվեր, օրինակ, մետաղյա շպատելը, թանզիֆե դիմակը, մետաղական ուրոլոգիական կատետրը, և այլն:

Այս փոփոխությունը բերելու է նրան, որ առողջապահական բիզնեսը դառնալու է անհրապույր և դրանով զբաղվելու են միայն «ընտրյալները», որը բերելու է անառողջ մրցակցության»։