Էբոլա հեմոռագիկ տենդը հաղթահարելու նպատակով Աֆրիկայից հայրենիք տեղափոխված եւ ԱՄՆ բուժհաստատությունների խնամքին հանձնված չորս հիվանդներից արդեն երրորդի բուժման գործընթացն է հաջողությամբ ավարտվել: Մասաչուսեթս նահանգի 51-ամյա բնակիչ Ռիչարդ Սեկրան (Richard Sacra), Associated Press գործակալության հաղորդմամբ, հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 25-ին է Նեբրասկա նահանգում գործող բուժհաստատություններից մեկի տարածքը լքել: Կարճ ժամանակ անց կազմակերպված մամուլի ասուլին նա նշել է, որ «չնայած թուլությանը, հրաշալի է զգում իրեն»:
Սեկրան, Էբոլա տենդի դեմ տարվող պայքարի շրջանակում, Լիբերիայում գործող հիվանդանոցներից մեկի ծննդատան բուժանձնակազմին էր միացել՝ ծնունդ ընդունելու եւ կեսարյան հատում իրականացնելու համար:
Մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվելուց հետո՝ արդեն հայրենիքում՝ Օմահա քաղաքի հիվանդանոցում Սեկրան TKM-Ebola անվամբ հայտնի փորձարարական պատվաստանյութի օգնությամբ է բուժում ստացել: Բացի այդ, արյան փոխներարկում է ստացել գործընկերներից մեկից՝ դոկտոր Քենթ Բրենթլիից (Kent Brantly), ով նույնպես հաջողությամբ է հիվանդության դեմ պայքարն ավարտել, հետեւապես՝ վիրուսի դեմ գործող հակամարմիններ ունի: Այդ ամենին զուգահեռ, Սեկրան նաեւ օժանդակ թերապիայի եւ տարբեր ներերակային դեղամիջոցների ազդեցությանն է ենթարկվել:
Էբոլայի դեմ պայքարը հաջողությամբ ավարտած եւս երկու բժիշկներ՝ նույն ինքը՝ Բրենթլին եւ Նենսի Րայթբոլը Ատլանտա քաղաքում գործող Էմորիի համալսարանական հիվանդանոցում են բուժում ստացել: Ներկայումս նույն բուժհաստատությունում նաեւ Աֆրիկայում մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված չորրորդ ամերիկացի հիվանդն է գտնվում:
Էբոլա հեմոռագիկ տենդի ընթացիկ համաճարակը 2014թ.-ի փետրվար ամսից՝ Գվինեայում է սկիզբ առել եւ կարճ ժամանակ անց հարեւան երկրներ՝ Սիերա-Լեոնե, Լիբերիա եւ Նիգերիա տարածվել: Օգոստոս ամսվա վերջին պարզ էր դարձել, որ մահացու վտանգավոր հիվանդությունը նաեւ Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն եւ Սենեգալ է հասել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացված վերջին տվյալների համաձայն, հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 2909 է կազմում, վարակման դեպքերինը՝ 6242: Կազմակերպությունից նշել են, որ վիրուսի դեմ պայքարը 1 մլրդ ԱՄՆ դոլար է պահանջում:






