Սեպտեմբերի 28-ին ողջ աշխարհում կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է նշվում: Նախաձեռնության հեղինակը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային դաշինքն է:
Կատաղությունը հատուկ տեղ է զբաղեցնում ինֆեկցիոն հիվանդությունների շարքում, քանի որ բացարձակ մահացու է. վարակման պահից հետո՝ առաջիկա ժամերին օգնություն չստանալու դեպքում մարդուն անխուսափելի մահ է սպառնում: Աշխարհում ամեն տարի կատաղությունից ավելի քան 60 հազար մարդ է մահանում, որոնց մեծ մասը աֆրիկյան եւ ասիական երկրների բնակիչներ են:
Կատաղությունը գլխավորապես հիվանդ կենդանիներից է տարածվում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, կենդանիներից կատաղությամբ վարակման դեպքերի 40 տոկոսը մինչեւ 15 տարեկան երեխաներին է բաժին հասնում: Ընդ որում, որպես ինֆեկցիայի տարածողներ, գլխավորապես շներն են հայտնի:
Կծած տեղը ժամանակին մշակելու եւ մի քան ժամվա ընթացքում իմունիզացիա իրականացնելու՝ կատաղության դեմ պատվաստանյութ ներարկելու պարագայում ինֆեկցիայով վարակումն ու մահվան ելքը միանգամայն կանխարգելելի կարող են դառնալ: Մասնագետները խորհուրդ են տալիս ցանկացած դեպքում, երբ կենդանի է կծում, վերը հիշատակված միջոցառումներն իրականացնել: Ընդհանուր առմամբ, տարեկան 29 մլն մարդ հիշյալ պատվաստանյութի օգնությանն է դիմում. մեկ տարվա ընթացքում կիրառված դեղամիջոցների արժեքը 2,1 մլրդ ԱՄՆ դոլարի է հասնում:
Խնդրո առարկա ինֆեկցիոն հիվանդությունը, ԱՀԿ-ի տվյալներով, աշխարհի 150 երկրներում է հանդիպում: Հետաքրքրական է այն, որ Ավստրալիայում եւ Անտարկտիդայում մինչ այժմ կատաղության դեպքեր չեն գրանցվել: Արձանագրված դեպքեր չեն եղել նաեւ Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Կիպրոսում, Մալթայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆիլանդիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում:






