28-ամյա ամերիկուհին երկար տարիներ անհաջող պայքարում էր ավելորդ քաշի եւ ցելյուլիտի դեմ, մինչեւ որ բժիշկները պարզեցին նրա վիճակի իսկական պատճառը։ Հազվադեպ հիվանդությամբ տառապող ամերիկուհու պատմությունը հրապարակել է Daily Mail պարբերականը։
Ալիսա Վանդերքրայսենը Միչիգանի նահանգից պատմել է, որ առանց տեսանելի պատճառների սկսել է քաշ հավաքել, երբ մոտ 17 տարեկան էր։ Նրա խոսքով՝ գիրությունից ազատվելու հարցում չեն օգնել ոչ դիետան, ոչ անձնական մարզչի հետ պարապմունքները։ Անօգուտ է եղել անգամ ճարպակալման թերապիան Ozempik ներարկումների միջոցով։ Ընդհակառակը, կնոջ քաշը շարունակել է ավելանալ, իսկ ոտքերը՝ մեծանալ չափսերով։
Նա հիշում է, որ ի վերջո հոգնել է նիհարելու փորձերից եւ հաշտվել է ցելյուլիտի եւ կազմվածքի առանձնահատկությունների հետ։ Սակայն 2022թ. YouTube-ի տեսահոլովակը դիտելով՝ իմացել է լիպեդեմի մասին՝ քրոնիկական հիվանդություն, որի դեպքում ճարպային հյուսվածքն անոմալ բաշխվում է մարմնում։ Նա նորից դիմել է բժիշկներին, որոնք հաստատել են անսպասելի ախտորոշումը, որը բացատրում էր երիտասարդ կնոջ վիճակի պատճառները։
«Իմ ոտքերը ծալքերով են դրանցում հանգույցների գոյության պատճառով։ Դրանք նման են ուռուցքների, որոնք գտնվում են հենց մաշկի տակ։ Դա խորացող հիվանդություն է, որը վնասում է առողջությանը։ Ոտքերի քաշն անընդհատ ավելանում է, եւ անգամ սովորական գործողություններն են սկսում ցավ պատճառել»,- ասել է Վանդերքրայսենը։
Նա ավելացրել է, որ հիվանդության առանձնահատկությունն ավելորդ քաշի բաշխումն է. այն կենտրոնանում է մարմնի ստորին մասում, իսկ թիկունքն ու ձեռքերը մնում են բարեկազմ։ Ամերիկուհու խոսքով՝ ավելորդ կիլոգրամներից ազատվելու միակ միջոցը վիրահատությունն է։ Վանդերքրայսենն արդեն մեկ անգամ վիրահատվել է, եւս հինգ վիրահատություն սպասում է նրան։ Նա պատմել է, որ վիրահատության ժամանակ հեռացրել են ազդրերի առջեւի մասի հանգույցները եւ ավելի քան վեց լիտր հեղուկ։







