COVID-19-ի պատճառով առաջին լոքդաունի ժամանակ սրտամկանի ինֆարկտ ստացած հիվանդների կյանքի տեւողությունը մեկուկես տարով կրճատվել է Մեծ Բրիտանիայում եւ երկու տարով՝ Իսպանիայում։ Դրա պատճառը ժամանակին ռեվասկուլյարացման բացակայությունն էր։
Բուժման մատչելիության սահմանափակումները եւ շտապ օգնության բացակայությունը հանգեցրել են լուրջ բարդությունների եւ մահացության աճի այն հիվանդների մոտ, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել կորոնավիրուսային վարակի հետեւանքով լոքդաունի ժամանակ: Նման եզրակացության են եկել Գալվեյի համալսարանի, Լոնդոնի թագուհի Մարիայի համալսարանի եւ Կատալոնիայի համալսարանական հիվանդանոցի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են European Heart Journal — Quality of Care and Clinical Outcomes-ում։
Վերլուծությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայում համավարակի ընթացքում ST հատվածի բարձրացման սրտամկանի ինֆարկտ տարած հիվանդները կորցրել են միջինը 1,55 տարվա կյանք եւ 1,7 տարվա որակյալ կյանք՝ համեմատած նույն հիվանդների հետ, ովքեր ինֆարկտ են ունեցել մինչեւ լոքդաունը։
Բացի այդ, գիտնականները նաեւ գնահատել են լոքդաունի ժամանակ սրտամկանի ինֆարկտի բուժման հասանելիությունը սահմանափակելու տնտեսական հետեւանքները: Անհետաձգելի բուժօգնության հասանելիության սահմանափակումների արդյունքում Մեծ Բրիտանիան կորցրել է մոտ 36,6 մլն ֆունտ (41,3 մլն եվրո), իսկ Իսպանիան ՝ մոտ 88,6 մլն եվրո: Այս ծախսերի մեծ մասը կապված է աշխատանքային օրերի կորստի հետ:
Համավարակի առաջին ալիքի ընթացքում սրտամկանի ինֆարկտով հիվանդների թիվը, ովքեր դիմել են բժշկական օգնության, նվազել է 40 տոկոսով, նշվում է ուսումնասիրության մեջ: Դա կարող է պայմանավորված լինել վարակի վախով, տանը մնալու առաջարկություններով եւ սովորական շտապ օգնության դադարեցմամբ:
Գիտնականներն ընդգծել են կենսական պայմանների բուժման ձգձգումների բացասական հետեւանքները ինչպես առանձին հիվանդների, այնպես էլ ողջ հասարակության համար: Նշվում է տարբեր երկրների առողջապահական համակարգերում կենսական նշանակություն ունեցող բուժման մեթոդների ցանկի առկայության անհրաժեշտությունը, որոնք պետք է տրամադրվեն անկախ արտաքին հանգամանքներից:






