Սենթ Լուիսում գտնվող Վաշինգտոնյան համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները բարձրաձայնել են հղի կանանց համար վիտամին D-ի պակասի վտանգի մասին: Հղիության ընթացքում այս վիտամինի պակասը կարող է մեծացնել պտղի մոտ երկրորդ տեսակի շաքարախտի զարգացման ռիսկը: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Communications ամսագրում։ 

D վիտամինի պակաս ունեցող մայրերից ծնված մկների վրա կատարված փորձերի ընթացքում մասնագետները պարզել են ցողունային բջիջների տեսակը, որոնց վրա անդառնալիորեն ազդում է նյութի պակասը: Նրանք ցողունային բջիջների որոշակի գեների փոփոխություններ են հայտնաբերել, որոնք հետագայում վերածվում են իմունային բջիջների, այդ թվում՝ մակրոֆագների: Այնուհետեւ մակրոֆագները, որոնք ենթարկվում են վիտամինի պակասի, արտազատում են մոլեկուլ, որը խաթարում է ճարպային հյուսվածքի՝ գլյուկոզա կուտակելու ունակությունը, ինչը հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացման: Ինսուլինառեզիստենտության արդյունքում պտղի մոտ զարգանում է երկրորդ տեսակի շաքարային դիաբետ։ 

Մեկ այլ փորձության արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել, որ մարդկանց մոտ նույն գործընթացներն են ընթանում: Հետազոտողներն առանձնացրել են իմունային բջիջները վիտամին D-ի պակաս ունեցող հղիների պորտալարի արյունից։ Արդյունքները ցույց են տվել իմունային բջիջների գեներում փոփոխություններ, որոնք նախկինում հայտնաբերվել էին մկների մոտ: 

Հայտնագործությունը թույլ կտա մշակել շաքարախտի կանխարգելման եւ բուժման նոր ուղղություններ՝ հիմնված ռիսկի փոփոխված գործոնների վրա: