«Էրեբունի» բժշկական կենտրոնում բացվել է Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոն: Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Այս կենտրոնը «Էրեբունի» բժշկական կենտրոնի, Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի Հարվարդի բժշկական ֆակուլտետի բժիշկների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցության արդյունքն է։

Հանդիսավոր արարողության ընթացքում հյուրերը շրջել են ժամանակակից ուսումնական կենտրոնում, որը հագեցած է անհրաժեշտ նյութերով,  սիմուլացիոն մանեկեններով,  սարքավորումներով:

Այստեղ դասավանդելու են  որակավորված  բարձրակարգ մասնագետներ, որոնք արդեն իսկ վերապատրաստվել են ԱՄՆ տարբեր կենտրոններում և միջազգային ծրագրերով դասավանդելու իրավունք են ստացել:

Սա կարևորագույն համագործակցություն է: Նպատակը՝ պատրաստել որակյալ մասնագետներ, որոնք արագ և արդյունավետ բուժօգնություն կցուցաբերեն աղետների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ:  Արարողության ավարտին «Էրեբունի» ԲԿ հիմանդիր Հարություն Քուշկյանը և  Բեթ Իսրայել Սարկավագ բժշկական կենտրոնի Աղետների բժշկության բաժնի տնօրեն, Հարվարդի բժշկական համալսարանի Անհետաձգելի բժշկության պրոֆեսոր, Աղետների և արտակարգ իրավիճակների բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախկին նախագահ Գրեգորի Սիըթոնին ստորագրեցին համագործակցության հուշագիր՝  հիմք դնելով արտակարգ իրավիճակների ուսումնակրթական հետագա ծրագրերին:

Հարություն Քուշկյանի ավագ թոռը՝ կրտսեր Արտյոմը մասնագիտության ընտրության հարցում արդեն կողմնորոշվել է. ինքն էլ իր պապիկի և հայրիկի նման բժիշկ է դառնալու:

Կենտրոնում առաջինը կվերապատրաստվի «Էրեբունի» ԲԿ բուժանձնակազմը: