Աշխատանքը մարդու կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում, ուստի զարմանալի չէ, որ այն կորցնելու հեռանկարը լուրջ մտահոգություն կարող է պատճառել: Ի միջի այլոց, եկամտի աղբյուրը կորցնելուց հետո որոշ մարդկանց մոտ, մտածմունքների արդյունքում, նույնիսկ առողջական խնդիրներ կարող են ի հայտ գալ:  

Գերմանացի գիտնականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ աշխատանքը կորցնելու մտահոգության եւ ասթմայի առաջացման ռիսկի միջեւ որոշակի կապ է գործում: Եզրահանգման համար հիմք ծառայած փորձարկումները՝ 7 հազար կամավորների շրջանում, երկու տարի են ձգվել: Խոսքը 2009-2011թթ.-ի մասին է, երբ Եվրոպայում նշանակալի տնտեսական անկում էր նկատվում, հիշեցնում է Medical News Today-ը:

Տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ աշխատանքը կորցնելու մշտական մտահոգություններ ապրող մասնակիցներից ավելի քան հարյուրի մոտ բրոնխիալ ասթմա է ախտորոշվել: Հիվանդության առաջազման ռիսկը նշանակալիորեն (գրեթե 60 տոկոսի չափով) բարձր է գնահատվել այն աշխատակիցների մոտ, որոնք առաջիկա երկու տարիներին եկամտի աղբյուրը կորցնելու հեռանկարը միանգամայն հավանական են համարել:

Ընդհանուր առմամբ, եկամտի անվտանգության հետ կապված մտահոգություններ ունեցող աշխատակիցների ընդամենը 2,12 տոկոսի մոտ է հիշյալ հիվանդությունն ախտորոշվել: Մինչդեռ նման մտագություններ չունեցողների մոտ ցուցանիշը 1,3 տոկոս է կազմել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, ներկայումս երկրագնդի շուրջ 235 մլն բնակիչներ հիշյալ շնչառական խանգարմամբ են տառապում: Հիվանդության հիմնական ախտանշնաններից են հեւոցով շնչառությունն ու շնչահեղձության նոպաները: