Երեւի շատերին է հետաքրքրել հարցը, թե ինչու է ականջի, կոկորդի եւ քթի հիվանդությունները բուժում մեկ բժիշկ՝ օտորինոլարինգոլոգը: Պատասխանը մարդու կառուցվածքի` անատոմիայի մեջ է, ասում է «Նաիրի» բժշկական կենտրոնի Քիթ-կոկորդ-ականջաբանության (ՔԿԱ) եւ աուդիոլոգիական ծառայությունների ղեկավար Գնել Անանյանը։ Նրա խոսքով՝ այդ օրգան-համակարգերը սերտ կապված են մեկը մյուսի հետ. օրինակ` քթի, քիթըմպանի հետ ականջի համակարգը կապում են եվստախյան փողերը, որոնք ապահովում են միջին ականջի օդափոխանակությունը եւ դրենավորումը։
«Այդ պրոցեսների խաթարման ժամանակ, այսինքն՝ քթի, քիթըմպանի բորբոքային պրոցեսների կամ տարատեսակ գոյացությունների հետեւանքով խախտվում է եվստախյան փողերի ֆունկցիան, կանգային երեւույթներ են առաջանում միջին ականջում, որոնք արտահայտվում են հենց միջին ականջի բորբոքումով, արտաքին ականջի բորբոքումով եւ կարող են բերել այլ՝ ներքին ականջի եւ նույնիսկ ներգանգային բարդությունների»,- ասում է բժիշկը։

Ականջաբորբեր
Հասկանալու համար, թե ինչպես է առաջանում ականջի բորբոքումը, պետք է դիտարկել դրա կառուցվածքը, ասում է Գնել Անանյանը։
Մարդու լսողական համակարգը երեք հիմնական հատվածների է բաժանված՝ արտաքին ականջի համակարգ, միջին ականջ եւ ներքին ականջ։
Արտաքին ականջի համակարգը բաղկացած է ականջախեցուց, լսողական անցուղուց եւ թմբկաթաղանթից։ «Կարող են լինել ականջախեցիի մաշկի տարատեսակ վիրուսային, մանրէական բորբոքումներ, ինչպես մարդու մաշկային ծածկույթի ցանկացած հատվածում»,- ասում է բժիշկը։
Արտաքին ականջի բորբոքումները կարող են առաջանալ նաեւ պացիենտի անզգույշ վերաբերմունքի, օրինակ՝ լսողական անցուղու անզգույշ մաքրելու հետեւանքով։
Միջին ականջի բորբոքումների հիմնական պատճառը, ըստ մասնագետի, քթի, քիթըմպանի, եվստախյան փողերի դիսֆունկցիան է։ Այն ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ՝ անատոմիական առանձնահատկություններով պայմանավորված։ Բանն այն է, որ մինչեւ 10-12 տարեկան երեխաների մոտ եվստախյան փողը լայն է եւ կարճ, եւ շատ հաճախ վարակը քթից, քիթըմպանից ներթափանցում է միջին ականջ։
«Միջին ականջի բորբոքումները հետեւանք են չբուժված պրոցեսների, որոնք կարող են բերել սուր, թարախային բորբոքումների, որոնք ի վերջո կարող են հանգեցնել թմբկաթաղանթի թափածակման կամ կարող են այդ պրոցեսներն ավարտել թմբկախորշում հեղուկի կուտակմամբ, իսկ մենք գիտենք, որ այնտեղ նորմալ պայմաններում պետք է լինի օդ: Այդ պարագայում պետք է մեծ պատասխանատվությամբ եւ անհապաղ զբաղվել բուժմամբ, որովհետեւ գիտենք՝ թմբկախորշը, միջին ականջը տեղակայված են գլխում՝ միջին գանգափոսի ստորին հատվածում եւ ոչ ժամանակին ու ոչ ադեկվատ բուժումը կարող է բերել ընդհուպ մինչեւ ներգանգային բարդությունների»,- ասում է ՔԿԱ մասնագետը։
Աղմուկ ականջներում
Բորբոքային պրոցեսները կարող են հանգեցնել եւ՛ լսողության կորստի, եւ՛ ականջներում աղմուկի առաջացմանը, բայց դրանք անցողիկ երեւույթներ են, որոնք դադարում են բորբոքումը բուժելուց հետո։ Սակայն տարեց հիվանդների մոտ լսողության կորստի եւ ականջներում աղմուկի առաջացմանը կարող են նպաստել նաեւ արյան ճնշման տատանումները եւ արտահայտված աթերոսկլերոտիկ երեւույթները, քանի որ դրանք հանգեցնում են լսողական անալիզատորի արյան միկրոշրջանառության խանգարման:
«Որպես կանոն, աղմուկն ու լսողության անկումը զուգակցում են մեկը մյուսին։ Նման դեպքերում տրամադրում ենք համալիր բուժում՝ անոթալայնիչներ, սնուցումը բարելավող դեղեր, արյան ճնշման կայունացում, խոլեստերինի, նյութափոխանակության հստակեցում եւ համագործակցում ենք սրտաբանների ու նյարդաբանների հետ։ Հարյուր տոկոսանոց արդյունք երաշխավորել ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, դեռ հնարավոր չէ, բայց որոշակի բարելավում ունենում ենք։ Բացի դրանից, ունենք լսողական սարքեր, որոնք ընդգրկված են մեր ծառայություններում։ Ունենք հմուտ մասնագետ, կիրառում ենք բոլոր հնարավոր մեթոդները լսողության, հավասարակշռության համակարգի ստուգման համար, ունենք լսողությունը բարելավող եւ միեւնույն ժամանակ աղմուկը քողարկող սարքեր»,- ասում է նա։

Ի՞նչ պետք է անել եւ ի՞նչ չի կարելի անել ականջի բորբոքման դեպքում
Գնել Անանյանն ասում է, որ նման դեպքերում պետք է պարտադիր խորհրդակցել բժշկի հետ, քանի որ ականջի անատոմիական առանձնահատկությունների պատճառով դրա բորբոքումը վտանգավոր է։ Եվ ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել։
Բուսական յուղ
Արտաքին ականջի խցանման դեպքում բնակչության շրջանում ինքնաբուժման ամենատարածված մեթոդը ականջի մեջ բուսական յուղ կաթեցնելն է։ Հին ժամանակներում նույնիսկ մկնդեղ էին օգտագործում։
Բուժման այս մեթոդի վտանգն այն է, որ տանը, առանց հատուկ գործիքների, անհնար է զննել ականջը։ Բայց վտանգ կա, որ խցանի հետեւում, որը փորձում են փափկացնել յուղով, կարող է լինել վնասված թաղանթ, եւ այդ դեպքում յուղը կարող է թափանցել թմբկախորշ, իսկ դա պոտենցիալ վտանգավոր է ներգանգային բարդությունների առաջացման առումով։
Ականջին տաք բան դնելը «Մարդիկ ասում են՝ ականջը ցավեց, տաք ենք դնում։ Դա եւս խիստ հակացուցված է, որովհետեւ եթե եղավ միջին ականջի բորբոքում եւ այն էլ՝ թարախային, ավելորդ տաքացումը բերում է նրան, որ պարունակությունն ընդարձակվում է, արյան շրջանառությունն է արագանում, պրոցեսներն են արագանում եւ կուտակվող հեղուկը կարող է ծավալով մեծանալ, շատանալ, եւ բերել ներգանգային բարդությունների եւ վտանգել հիվանդի կյանքը, որովհետեւ թմբկախորշի վերին պատին, որը միջին գանգափոսի ստորին պատն է, առկա են ճեղքվածքներ կամ այսպես կոչված՝ դեհիսցենցիաներ»,- ասում է նա։
Ինչո՞ւ է կարեւոր հետեւել ՔԿԱ օրգանների առողջությանը
Բժիշկը հիշեցնում է, որ ՔԿԱ հիվանդությունները անտեսել չի կարելի, քանի որ հենց ՔԿԱ օրգաններն են ապահովում մարդու շփումն արտաքին աշխարհի հետ։ «Մեր մասնագիտությունը, բացառությամբ տեսողական համակարգի, ուսումնասիրում է բոլոր անալիզատորները, բոլոր համակարգերը, որով մարդը շփվում է արտաքին աշխարհի հետ։ Լսողությունը կարեւոր բաղադրիչն է, որով մարդը շփվում է արտաքին աշխարհի հետ, եւ լսողական համակարգն է բերել մարդ արարածի խոսքի ձեւավորմանը։ Այդ իսկ պատճառով հիմա կան ծրագրեր, որ հենց ծնված օրվանից նորածիններին ենթարկում ենք սքրինինգի եւ վաղ նորածնային տարիքից կարողանում ենք ախտորոշել լսողական անալիզատորի հետ կապված տարատեսակ հիվանդություններ կամ շեղումներ։ Բոլոր բժշկական հաստատություններում կան քիթ-կոկորդ-ականջաբաններ։ Այդ պատճառով ցանկացած շեղումների դեպքում, որոնք անցողիկ չեն եւ կրում են տեւական բնույթ, առավել եւս՝ ուղեկցվում ցավերով, գլխապտույտներով, այլ արտահայտումներով, հորդորում եմ մեր ազգաբնակչությանը՝ անհապաղ դիմել բժշկի եւ ստանալ համապատասխան բուժօգնություն»,- ասում է նա։







