Եվրամիության պաշտոնատար անձինք հինգշաբթի նախազգուշացրել են, որ Եվրոպայում կլիմայի փոփոխության պատճառով բարձրանում է մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդությունների, ինչպիսին են դենգեն եւ չիկուգունյան, վտանգը, տեղեկացրել է The Associated Press-ը։
Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնը հայտարարել է, որ, քանի որ Եվրոպայում նկատվում է տաքացման միտում, երբ շոգի ալիքները եւ հեղեղումները դառնում են ավելի հաճախակի եւ ուժեղ, իսկ ամառը դառնում է ավելի երկար եւ ավելի տաք, պայմաններն ավելի նպաստավոր են դառնում մոծակների ինվազիվ տեսակների համար, ինչպիսին են Aedes albopictus-ը եւ Aedes aegypti-ն։
Գործակալությունն իր հաշվետվությունում տեղեկացրել է, որ Aedes albopictus-ը չիկունգունյայի եւ դենգեի վիրուսների հայտնի փոխանցող է եւ տարածված է Եվրոպայի հյուսիսում եւ արեւմուտքում։ Մեկ այլ մոծակ՝ Aedes aegypti-ն, որը, ինչպես հայտնի է, փոխանցում է դենգեի, դեղին տենդի, չիկունգունյայի, զիկայի եւ Արեւմտյան Նեղոսի վիրուսները, ապրում է Կիպրոսում 2022 թվականից եւ կարող է տարածվել եվրոպական այլ երկրներում։
Տասը տարի առաջ Aedes albopictus մոծակը հայտնաբերվել է եվրոպական ութ երկրներում, 114 տարածաշրջաններում։ Այս տարի այն հայտնաբերվել է 13 երկրներում եւ 337 տարածաշրջաններում, տեղեկացրել են գործակալությունում։
«Եթե այսպես շարունակվի այսուհետ եւս, մենք կարող ենք սպասել հիվանդությունների դեպքերի եւ, գուցե, մահերի ավելացման այնպիսի հիվանդություններից, ինչպիսին են դենգեն, չիկունգունյան եւ Արեւմտյան Նեղոսի տենդը,- ասել է Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման եվրոպական կենտրոնի տնօրեն Անդրեա Ամոնը։- Ջանքերը պետք է կենտրոնանան մոծակների պոպուլյացիաների դեմ պայքարի միջոցների, համաճարակաբանական վերահսկողության ուժեղացման եւ անհատական պաշտպանության միջոցների ապահովման վրա»։






