Պետք է հիշել մեկ ոսկե կանոն՝ պարտավոր ենք տարեկան մեկ անգամ անցնել եւ գինեկոլոգիական, եւ վահանաձեւ գեղձի, եւ կրծքագեղձի թեստերի խումբը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, «Քաղցկեղի էնդոկրին պատճառները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Երբեմն հանդիպում եմ կանանց, որոնք չգիտեն՝ ինչ է մամոգրաֆին եւ որ պետք է տարեկան մեկ անգամ անցնել զննություն: Հիմա մենք ունենք սարքավորումներ, որոնք բացառում են ցավը մամոգրաֆիայի ժամանակ:

Մենք տարեկան երկու անգամ զեղչեր ենք ունենում, այս տարի զեղչը եղել է մարտի 9-ից ապրիլի 7-ը: Այցելուները շատ էին, մարդիկ սպասել էին այդ օրերին: Ակցիայի  ընթացքում մեր կենտրոնում կատարվեց կրծքագեղձի մոտ 3000 զննություն, 126-ի մոտ ախտորոշվեց քաղցկեղ, բայց ուրախությամբ պետք է շեշտեմ, որ այդ 126-ից 97-ը ամենավաղ փուլում էր: Այսինքն սրանք կանայք էին, որոնք ուղղակի եկել էին հետազոտվելու:

Հետազոտեցինք նաեւ 43 տղամարդ, որից միայն մեկի մոտ կար կրծքագեղձի քաղցկեղ: Մենք արդեն ունենք 89 տղամարդ, որ հիվանդացել են կրծքագեղձի քաղցկեղով եւ ցավոք, նրանց մեծ մասը մահվան ելքով է ավարտվել, որովհետեւ չեն դիմել բժշկի եւ չեն պատկերացրել, որ կարող են ունենալ այդ հիվանդությունը»,-ասաց նա:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով այդ ամսվա ընթացքում կատարել են նաեւ 441 վահանաձեւ գեղձի հետազոտություն. «Կատարեցինք 244 վահանաձեւ գեղձի բարակ  ասեղային ասպիրացիա, այսինքն ժողովրդի լեզվով ասած՝ պունկցիա, որի արդյունքում գրանցեցինք 134 վահանաձեւ գեղձի քաղցկեղի դեպք: Դա շատ մեծ թիվ է: 400 հոգու մեջ 130-ը վահանաձեւ գեղձի քաղցկեղ ուներ, որոնց մեջ կային նաեւ երեխաներ»,-ասաց Հակոբյանը:

Նա հիշեցրեց, որ մինչեւ 40 տարեկան կանայք պետք է գոնե 2-3 տարին մեկ անգամ անցնեն սոնոգրաֆիկ զննություն, եթե չունեն որեւէ խնդիր: 40-ից բարձր կանայք պետք է զննություն անցնեն երկու տարին մեկ անգամ, իսկ 50-ից բարձր կանայք՝ պարտդիր տարեկան մեկ անգամ պետք է անցնեն մամոգրաֆիկ եւ զուգահեռ սոնոգրաֆիկ զննություն:

Խաչանուշ Հակոբյանը նշեց, որ իրենց կենտրոնում տեղադրվել է նոր սարք, որն ունի արհեստական բանականություն, այսինքն այն հնարավորություն է տալիս շատ ավելի հեշտությամբ հայտնաբերել քաղցկեղը. «Ընդամենը երկու ամսից մեր կենտրոնում կունենանք նաեւ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆը եւ հետազոտությունների շրջանակը կփակվի հենց մեր կենտրոնում»: