ԵՊԲՀ գիտական խորհրդի հունիսի 28-ի նիստում Մանկական վիրաբուժության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը առաջարկեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին նախագահել Հայաստանի7-րդ Միջազգային բժշկական համագումարը, որը տեղի կունենա 4 տարի անց։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը ներկաներին տեղեկացրեց հուլիսի 6-ից 8-ը Երևանում կայանալիք այդ միջոցառման նախապատրաստական աշխատանքների մասին:
Չորս տարին մեկ անցկացվող այս համահայկական համագումարը, համահիմնադրի` պրոֆեսոր Բաբլոյանի գնահատմամբ, ունի մասնագիտական, գիտական և ազգապահպան նշանակություն։
Ներկայացուցչական այս միջոցառման հաջորդ` 7-րդ համագումարը, Արա Բաբլոյանն առաջարկեց չորս տարի անց նախագահել ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին` կարևորելով այն հանգամանքը, որ անցկացված բոլոր տարիներին բժշկական բուհի պրոֆեսորադասախոսական կազմը գործուն մասնակցություն է ունեցել և ունի համագումարի կյանքի կոչման համար։
Արձագանքելով` ԵՊԲՀ ռեկտորն ընդգծեց, որ ելնելով բժշկագիտության որակի բարելավման հրամայականից, միասնական ավելին անելու ձգտումից համաձայնել է ընդունել առաջարկը։
«Բժշկական համալսարանը բազմիցս եղել է այս համագումարի կորիզը և նաև այս անգամ, քանի որ Արա Բաբլոյանը նույնպես բժշկական բուհն է ներկայացնում»,- ասաց պրոֆեսոր Մուրադյանը` հավելելով, որ այս տարի համալսարանական մասնագետներն ընդգրկված են կայանալիք համագումարի աշխատանքներում շուրջ 60 տոկոսով։ Նախանշելով հետագա ընթացքը՝ նա շեշտեց, որ Հայաստանի 7-րդ միջազգային բժշկական համագումարում առանձնակի կկարևորվի բժշկական բուհի 40 երկրում գործունեություն ծավալող շրջանավարտների, ինչպես նաև համալսարանի բուժական և գիտական հզորությունների և ներուժի ներգրավումը։
Քննարկվող թեմայի մասին կարծիք հայտնեց նաև ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանը` նշելով, որ թե՛ այս, թե՛ հաջորդ համագումարը բժշկագիտության ոլորտում թռիչքային առաջընթաց կապահովեն։






