Առողջության ապահովագրության փաթեթում մենք ունենք հիմնական ծառայությունների գներն իրենց կառուցվածքով, այսինքն թե դրա մեջ որքանն է կազմում աշխատավարձը, ընդհանուր չափը, դեղորայքի ծախսը եւ այլն: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, «Առողջության ապահովագրության առողջապահական ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք փոխհատուցումները համարժեք են լինելու կատարված ծախսերին եւ որքանով են տարբերվելու շուկայականից գներից:
«Այդ հաշվարկները թարմացրել ենք եւ պատրաստվում ենք ներկայացնել բոլոր բժշկական կազմակերպություններին, որոնք նման ծառայություններ իրականացնելու հնարավորություններ ունեն, եւ նաեւ նրանց հետ քննարկել, եթե նրանց կողմից կբարձրացվեն այդ գների համապատասխանությունների մասով հարցեր:
Բայց մյուս կողմից գների հաշվարկներն իրականացվում է մեթոդաբանության հիման վրա, որն ընդունվել է առողջապահության նախարարի կողմից:
Ապահովագրության դեպքում հաշվի են առնվելու իրական ծախսերը: Եվ քանի որ մոտեցումն այն է, որ բուժհիմնարկը պետք է ապահովի որակի նույն ստանդարտը, այստեղ մեզ համար կարեւորություն չկա՝ այդ բուժհիմնարկը ավելորդ, գեղեցիկ սպասարահ ունի, թե չունի»,-ասաց նա:
Խարազյանը վստահություն հայտնեց, որ այն գները, որ իրենք առաջարկում ենք ԲԿ-ներին, դրանք ամբողջովին ծածկում են իրենց ծախսերը դեղորայքի ու հետազոտությունների մասով. «Վստահ ենք, որ վարձատրության այն չափը, որ նախատեսվում է, դրանք նույնպես հաշվարկված են համապատասխան մեթոդաբանության հիման վրա»:
Հարցին, թե ի՞նչ ալգորիթմով է հաշվարկվում ապահովագրական վճարը, ինչ փաթեթի դիմաց է նախատեսված, նա պատասխանեց. «Մենք օրենքով ամրագրել ենք, թե ապահովագրական վճարի հաշվարկման ընդհանուր ծախսերում ինչ գործակիցներ են ընդգրկվում: Այդ բանաձեւի ներառումը օրենքում ենթադրում է որոշակի կայունության ապահովում, որպեսզի տարբեր փոփոխությունների դեպքում օրենքով սահմանված կարգով այդ հաշվարկներն իրականացվեն: Ինչ վերաբերում է փաթեթին, հայեցակարգին կից հավելվածով փաթեթի հիմնական նկարագիրը ներկայացված է եղել՝ ընդհանուր սկզբունքները, փոխհատուցման պայմանները, ծառայությունների ընդհանուր խմբերը, նաեւ մտադրությունները, որ փաթեթում ընդգրկվելու են բոլոր այն ծառայությունները, որոնք ավելի արդյունավետ կազդեն ՀՀ-ում հիմնական հիվանդությունների բեռ հանդիսացող հիվանդությունների կանխարգելման, բուժման մասին, դա օրենքում ամրագրված է»:






