Գիտնականներն ուսումնասիրել են փոխադարձ կապը պացիենտների տագնապի ախտանշանների եւ հոդացավերի միջեւ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ տագնապի ախտանշանները բարելավվել են միայն այն ժամանակ, երբ պացիենտի մոտ նկատվել է ֆիզիկական ֆունկցիաների զգալի բարելավում։
«Մենք ցանկանում էինք պարզել, թե կնվազեն արդյոք պացիենտների տագնապի եւ դեպրեսիայի ախտանշանները ֆիզիկական ֆունկցիաների բարելավմանը եւ ցավի նվազմանը զուգընթաց,- ասել է հետազոտության ավագ հեղինակ, Սենթ Լուիսի Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի օրթոպեդիկ վիրաբուժության ամբիոնի դոցենտ, դոկտոր Էբի Չենգը։- Պատասխանն այն է, որ դեպքերի մեծ մասում այդպես չէ»։
Միանգամայն հասկանալի է, որ ինչ-որ մեկը կարող է տագնապած կամ ճնշված լինել, երբ ցավ է զգում։
Չենգի խոսքով՝ հետազոտության արդյունքներն անսպասելի էին, չնայած նա հաճախ է հանդիպել մարդկանց, որոնց ֆիզիկական առողջությունը բարելավվել է առանց հոգեկան առողջության զգալի բարելավման։
Հետազոտության համար գիտնականներն օգտագործել են ավելի քան 11 000 պացիենտի տվյալները, որոնք բուժում են ստացել Վաշինգտոնի համալսարանի օրթոպեդիկ կլինիկաներում յոթ տարվա ընթացքում։
Գրանցվելիս յուրաքանչյուր պացիենտի տրվել են հարցեր այն մասին, թե արդյոք իրեն խանգարում են օրթոպեդիկ խնդիրները։
Թերթիկում նաեւ տրվել են հարցեր յուրաքանչյուրի հոգեկան առողջության եւ ինքնազգացողության մասին։
Չնայած որոշ այլ հետազոտություններ ցույց են տվել, որ հենաշարժողական ապարատի կոնկրետ խնդիրների բուժումը հանգեցրել է հոգեկան առողջության ախտանշանների գոնե որոշակի բարելավման, դա այն չէ, ինչը հայտնաբերվել է այս հետազոտությունում, ասել է Չենգը։
«Պացիենտները կարող են ավելի քիչ տագնապներ ունենալ վիրահատությունից վեց ամիս հետո, բայց հինգ տարի անց պատմությունը կարող է միանգամայն այլ լինել,- ասել է գիտնականը հետազոտության արդյունքների մասին։- Տագնապի այդ ախտանշանները հաճախ վերադառնում են, չնայած, հնարավոր է, տագնապի օջախը արդեն կապված չէ պացիենտի ազդրի կամ մեկ այլ օրթոպեդիկ խնդրի հետ»։






